Բաժիններ՝

«Ինչքան, որ դեռ կարող եմ, մեր ժողովրդին պարտական եմ». Արտո Չաքմաքչյան

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (ԳԱԿ) շարունակում է ներկայացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների շարքը, որ օրերս համալրվեց նաև կանադաբնակ հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Վերածնունդ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսում ներկայացված են քանդակագործի հետխորհրդային ժամանակաշրջանում ստեղծված աշխատանքներից՝ 10 քանդակ, 20-ից ավելի գրաֆիկական աշխատանքներ:

Բացման խոսքում հայտնի քանդակագործը կարևորում է համաշխարհային արվեստի զարգացումներից հետ չմնալու խնդիրը: «Մենք իրավունք չունենք արվեստի զարգացման համաշխարհային պատմության մեջ հետ մնալու: Դրա իրավունքը մենք չունենք: Իհարկե, ես չեմ լրացրել այդ բացը, բայց իմ ջանքերը գալիս են վկայելու, որ ես գոնե աշխատել եմ այդ ուղղությամբ: Ինչքան, որ դեռ կարող եմ, մեր ժողովրդին պարտական եմ: Դա ինձ համար ոչ թե հաճույք, այլ պատիվ է՝ հնարավորության սահմաններում ծառայել իմ ժողովրդին»,- եզրափակեց իր խոսքն Արտո Չաքմաքչյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստի տեսաբան Յուրի Խաչատրյանը բարձր գնահատականի արժանացնելով քանդակագործի տարիների աշխատանքը՝ ասաց. «Արտո Չաքմաքչյանն ունի տարբեր տարիներին արված դիմանկարներ, որոնք ավելին են, քան հոդվածը, ուսումնասիրությունը կամ նույնիսկ մենագրությունը: Հեռուն գնալու կարիք չկա՝ բավական է հիշել Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Գարեգին Լևոնյանի, Չարենցի դիմանկարները, որոնք մի ամբողջ մենագրություններ ու հետազոտություններ արժեն»:

168.am-ի հետ զրույցում ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քանդակագործի աշխատանքներին անդրադառնալով՝ ասաց. «Այս ցուցահանդեսից առաջ ես եղել եմ Վարպետի տանն ու ծանոթացել այն աշխատանքներին, որոնք կան այնտեղ: Մենք այսօր եկել ենք այստեղ վերահաստատելու մեծ Վարպետի առկայությունը մեզանում, որովհետև, կարծում եմ, իսկապես եզակի գործեր են այս ցուցահանդեսին հավաքված՝ թե քանդակները, թե գրաֆիկական աշխատանքները: Նա ունի միայն իրեն հատուկ ոչ ստանդարտ փիլիսոփայական մոտեցումներ իր ստեղծած ցանկացած աշխատանքի նկատմամբ»:

Կարդացեք նաև

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, արձակագիր Պերճ Զեյթունցյանը, և այլք:

Ցուցադրությունը գործելու է 2015 թվականի հուլիսի 3-ից օգոստոսի 30-ը: Սրահի մուտքն անվճար կլինի հուլիսի 4-ին, ինչպես նաև հուլիսի 11-12-ը:

Հիշեցնենք, որ Արտո (Հարություն) Չաքմաքչյանը ծնվել է Եգիպտոսում 1933թ.: Նրա ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան 1946թ.: Իր մասնագիտական ուսուցումը սկսել է 15 տարեկան հասակում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1962թ. արժանացել է Պրահայի Ժամանակակից կերամիկայի միջազգային ցուցադրության առաջին մրցանակին «Պառկած ֆիգուր» ստեղծագործության համար: Արվեստագետը նաև արժանացել է Մոսկվայի խաղաղության հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հիրոսիմայի զոհերի հիշատակի հուշարձանի մրցույթի» առաջին մրցանակին: 1964թ. ստեղծագործությունը ԽՍՀՄ-ի կողմից նվիրաբերվել է Հիրոսիմա քաղաքին: Նրա աշխատանքները նաև ցուցադրվել են համաշխարհային ճանաչում վայելող թանգարաններում, մասնավորապես՝ Լուվրում: Նրա վերջին կարևոր ցուցադրությունը կայացել է 2010թ. Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում:

Chaqmaqchyan (5)

Chaqmaqchyan (4)

Chaqmaqchyan (2)

Chaqmaqchyan (1)

Chaqmaqchyan (8)

Chaqmaqchyan (7)

Chaqmaqchyan (10)

Chaqmaqchyan (12)

Chaqmaqchyan (11)

Chaqmaqchyan (20)

Chaqmaqchyan (18)

Chaqmaqchyan (19)

Chaqmaqchyan (17)

Chaqmaqchyan (22)

Chaqmaqchyan (23)

Chaqmaqchyan (24)

Chaqmaqchyan (25)

Chaqmaqchyan (21)

Լուսանկարները՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս