Որքան ենք պարտք աշխարհին

Ռուսաստանից 200 միլիոն պարտք վերցնելու թեման առիթ հանդիսացավ, որ ոլորտի պատասխանատուներն ու քաղաքական ուժերը կրկին ուշադրություն դարձնեն
ՀՀ արտաքին պարտքին ու դրա արդյունավետությանը։

Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախօրեին ելույթ ունենալով ԱԺ-ում` հայտարարեց, որ Հայաստանի արտաքին պարտքն իրականում 12-13 մլրդ դոլար է։ 10 միլիարդ դոլարից քիչ ՀՆԱ ունեցող երկրի համար սա չափազանց ծանր բեռ է։ Բագրատյանը նշել էր, որ այդ պարտքից միայն 4.6 մլրդ դոլարը կառավարության և ԿԲ-ի պարտքերն են։

«Մենք տվել ենք երաշխիքներ, որոնք, դժբախտաբար, ոչ ոք չգիտի` ինչքան են։ Օրինակ` «Նաիրիտը»` 450 մլն դոլար, ՀԷՑ-ը` 280 մլն դոլար։ Մենք առաջարկել ենք, որ այս բոլոր պետական երաշխիքները ևս համարվեն պետական պարտք, որը չի ընդունվել։ Բացի այդ, ոչ ոք չգիտի ձեռնարկությունների ու բանկերի արտաքին պարտքը, որը ևս պետք է մտցվի արտաքին համախմբված պարտքի մեջ»,- ասել էր նա։ Իրականում` պրն Բագրատյանի նշած թվերն այդքան միանշանակ չեն։ Այո, պետական երաշխիքների ճշգրիտ չափը ոչ ոք չգիտի։ Սակայն բանկերի և մասնավոր ընկերությունների արտաքին պարտքի ցուցանիշները պարբերաբար հրապարակվում են և կարելի է մոտավոր պատկերացում կազմել դրանց մեծության մասին։ Եվ այսպես, որքան ենք մենք պարտք մեկս մյուսին և արտաքին աշխարհին։ Նախ` սկսենք պետական պարտքի պաշտոնական ցուցանիշից։

ՀՀ պետական և արտաքին պարտքը` 2015թ. մայիսի 31-ի դրությամբ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից օրերս հրապարակված ամենաթարմ զեկույցի համաձայն` ՀՀ պետական պարտքը 2015թ. մայիսի 31-ի դրությամբ դոլարային արտահայտությամբ կազմել է 4 մլրդ 630.2 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա սկզբի համեմատ` 5 ամսվա ընթացքում, պետական պարտքն աճել է շուրջ 189 մլն դոլարով։
Այդ թվում, ներքին պարտքի մեծությունը կազմել է 683.28 մլն դոլարին համարժեք դրամ (տարվա սկզբին` 656.31 մլն դոլար)։ Իսկ արտաքին պարտքի ծավալը կազմել է 3 մլրդ 946.9 մլն դոլար (առաջին 5 ամիսների ընթացքում արտաքին պարտքի ծավալն աճել է 161.7 մլն դոլարով)։ Նշենք նաև, որ 3 մլրդ 946.9 մլն դոլար արտաքին պարտքից 3 մլրդ 512.5 միլիոնը կառավարության պարտքն է, 434.4 միլիոն դոլարը` Կենտրոնական բանկի պարտքը։

Կրկին հիշեցնենք, որ այս գումարի մեջ չեն մտնում 200 միլիոն դոլարի ռուսական վարկը և հունիսի ընթացքում տարբեր միջազգային կառույցներից ներգրավված «մանր-մունր» վարկերը։ Այսինքն` այս հոդվածը կարդալու պահին մեր պետական (այդ թվում` արտաքին) պարտքը մի քանի հարյուր միլիոն դոլարով գերազանցում է վերը նշված ցուցանիշները։

Որքան է ՀՀ բանկերի արտաքին պարտքը
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները նույնպես գաղտնիք չեն։ Դրանք հրապարակվում են եռամսյակային կտրվածքով` ՀՀ Կենտրոնական բանկի բանբերում։ 2015թ. տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց պատկերացում կազմելու համար կարող ենք դիտարկել 2014 թվականի վերջին եռամսյակի ցուցանիշները։
2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին դրանք կազմել են 1 միլիարդ 412.8 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 միլիարդ 157.6 մլն դոլարի փոխարեն։ Փաստորեն, նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում ՀՀ բանկերի արտաքին պարտքն աճել է 255.2 միլիոն դոլարով կամ 22%-ով։

2014 թվականի չորրորդ եռամսյակում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպություններն արտաքին աշխարհից ներգրավել են 1.157.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 847.1 մլն դոլար հիմնական գումարի մարումներ։

Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22.5 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում` երկարաժամկետ վարկային մուտքերի 33.6 %-ը ստացվել է Նիդեռլանդներից, 8.5 %-ը` Մալթայից, 6.1 %-ը` Լյուքսեմբուրգից, 4.2 %-ը` Ղազախստանից, իսկ 32.9 %-ը` միջազգային կազմակերպություններից։
2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել` Ռուսաստանը, որի տեսակարար կշիռն ամբողջի մեջ կազմել է 17.2 % (նախորդ եռամսյակում` 16.8 %), Նիդեռլանդները` 12.5 % (նախորդ եռամսյակում` 8.9 %) և Լյուքսեմբուրգը` 12.1% (նախորդ եռամսյակում` 14.3 %)։ Վարկերի մոտ 28.5 %-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից։ Այսքանը` բանկերի մասով։

Որքան է մասնավոր ընկերությունների պարտքը
ՀՀ պաշտոնական վիճակագրությունը նաև այս թիվն է հրապարակում։ Ըստ ԱՎԾ զեկույցի` ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունների մնացորդը 2015 թվականի մարտի վերջին կազմել է 2 տրիլիոն 790.3 մլրդ դրամ կամ շուրջ 5.8 մլրդ դոլար։ Ինչպես և կարելի էր սպասել, այդ գումարի առյուծի բաժինը` 71.4%-ը, բանկերի գծով պարտավորություններն են (վարկեր և փոխառություններ)։

Գնումների գծով պարտքերն ընդհանուրի մեջ կազմում են 13.4%, պետբյուջեին պարտքերը` 4.4%։ Աշխատավարձերի գծով պարտքերն ընդհանուրի մեջ տեսակարար կշռով փոքր են` ընդամենը 1 տոկոս։ Սակայն ամենից շատ են աճել։ Մարտի վերջին` տարվա սկզբի համեմատ (3 ամսվա ընթացքում) ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքերն աշխատավարձերի գծով աճել են 37.1%-ով` 20.3 մլրդ դրամից հասնելով 27.9 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ոչ ֆինանսական կազմակերպությունների ընդհանուր պարտքերն աճել են 1.2%-ով։

Եվ վերջապես, որքա՞ն է ՀՀ ոչ ֆինանսական առևտրային ընկերությունների արտաքին պարտքը։ Ըստ ԱՎԾ-ի` 2015 թվականի մարտի վերջի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 213.2 մլրդ դրամ կամ շուրջ 450 մլն դոլար։ Սա այն գումարն է, որը հայաստանյան ընկերությունները պարտք են իրենց արտասահմանյան գործընկերներին և մատակարարներին։ Այդ գումարից 29.4%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 10.4%-ը` Միացյալ Թագավորությանը, 7.5-ական տոկոս` Իտալիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, և այլն։

Փաստորեն, եթե ամփոփենք, ապա ՀՀ «ընդլայնված» արտաքին պարտքը (բանկերի և ոչ ֆինանսական ընկերությունների արտաքին պարտավորությունները` ներառյալ) կազմում է շուրջ 5.8 մլրդ դոլար։ Սա, իհարկե, Հրանտ Բագրատյանի նշած թվից կրկնակի քիչ է, սակայն սրա մեջ ներառված չեն պետական երաշխիքները, որոնք հարյուրավոր միլիոն դոլարներ են կազմում։ Դրանք հաշվի առնելու դեպքում` ցուցանիշը կարող է գերազանցել 7 մլրդ դոլարը։

Շա՞տ է սա, թե՞ քիչ։ Եթե հիմք վերցնենք այս 7 միլիարդ դոլարը, ապա այն գերազանցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի շեմը` ՀՆԱ-ի 60%-ը։ Սակայն, եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող երկրները պետք է հայտնվեն ռիսկային խմբում։ Դրա համար, արտաքին պարտքի մասին խոսելիս, կարևոր է ոչ այնքան դրա մեծությունը և պայմանները, այլ մեր տնտեսության հնարավորությունները։ Իսկ հնարավորությունները, ի տարբերություն պարտքի, գնալով փոքրանում են։ Թեպետ կառավարությունը մեզ փորձում է հակառակը համոզել։

Տեսանյութեր

Լրահոս