The Washington Post-ը ներկայացնում է Երևանի ցույցերի նախապատմությունը. ինչից են սկսվել բողոքի ցույցերը
Հեղինակավոր The Washington Post-ը նախօրեին իր խմբագրականում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված հայաստանյան բողոքի ցույցերին։
The Washington Post-ը ներկայացնում է ցույցերի նախապատմությունը, թե ինչից են սկսվել բողոքի ցույցերը, ասվում է, որ դրանք ուղղված են էլեկտրաէներգիայի ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող ռուսական ընկերության դեմ, որը ղեկավարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից մեկը:
Պարբերականը գրում է, որ նստացույց աnող ցուցարարներին ոստիկանությունը փորձել է հեռացնել ջրցան մեքենաների օգնությամբ Երևանի հիմնական պողոտաներից մեկից, սակայն նրանք շարունակում են դեռ մնալ Բաղրամյան պողոտայում:
Նշվում է, որ նրանց մեծ մասը երիտասարդներ են որոնք չունեն քաղաքական օրակարգ, իսկ արևմտյան կառավարությունները իրենց հեռու են պահում այդ ամենից: ԱՄՆ դեսպանությունը սահմանափակվել է միայն կողմերին զսպվածության կոչ անելով:
Խմբագրականը գրում է, որ Պուտինի քարոզչամեքենան, շտապելով իր եզրակացություններում, Երևանի իրադարձությունները շտապեց բնորոշել որպես ուկրաինական դեպքերի նմանությամբ զարգացող դեպքեր, իսկ ռուսական մամուլը գրեց, թե ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել է ցույցերը Ուկրաինայի նմանությամբ:
Թերթը գրում է, որ առաջնորդվելով ցինիզմով ու պարանոյայով՝ Պուտինն ու նրա մերձավոր շրջապատը Ռուսատանից դուրս կամ նրա հարևան երկրներում ցանկացած ցույց դիտարկում են որպես «գաղտնի սցենարներ», իսկ այն, որ հայերը, որոնք վաճառել են իրենց տնտեսությունը Ռուսաստանին, կարող են զայրանալ էլեկտրաէներգիայի սակագնի 17 տոկոսանոց բարձրացումից, Կրեմը չի ուզում հասկանալ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում» աուդիտի անցկացման մասին, որի արդյունքում պետք է պարզ լինի ընկերության հետագա ճակատագիրը՝ վաճառվի կամ ազգայնացվի:
Նշվում է, որ Մոսկվայից Հայաստանը պետք է ստանա 200 մլն դոլար ռազմական ծախսերի համար, Մոսկվան նաև խոստացել է Հայաստանին հանձնել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով Գյումրիում մի ամբողջ ընտանիքի էր սպանել:
Պարբերականը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, գրում է, թե Հայաստանը շարունակում է տուժել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով, քանի որ ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա: