Բաժիններ՝

«Ձեր նպատակն ի՞նչն է՝ հնարավորինս վա՞տ ներկայացնել, հոռետեսությո՞ւն առաջացնել Ձեր ընթերցողի մոտ»

Դեռ անցած տարվա վերջից շրջանառվող և պարբերաբար թարմացվող լուրերը, որ շուտով պաշտոնանկ է արվելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, վերջինիս բավականին դյուրագրգիռ են դարձրել, հատկապես՝ մամուլի ներկայացուցիչների հանդեպ: Հայաստանում գործարար միջավայրի և կառավարության գործունեության վերաբերյալ մեր հարցերը նախարարին հունից հանեցին, և նրա բողոքն առ լրատվամիջոցներ` հորդեց հեղեղի պես:

– Դուք համամի՞տ եք այն պնդման հետ, որ ՀՀ այսօրվա կառավարությունը գործում է ավելի լավ պայմաններում, քան նախորդը, և ունի մեծ հնարավորություններ զարգացում ապահովելու:

– Չեմ հասցրել դրա մասին մտածել, բազմակոմպոնենտ հարց է:

– Ճգնաժամերից հետո նոր բացվող հնարավորությունների մասին Դուք էլ եք խոսել:

Կարդացեք նաև

– Դա տնտեսագիտության տեսությունն է:

– Եվ ի՞նչ եք կարծում՝ ՀՀ կառավարությունը ներկայումս ի վիճակի՞ է լավագույնս օգտագործել այդ հնարավորությունները:

– Եկեք ես կառավարության աշխատանքին գնահատական չտամ, որովհետև ես կառավարության անդամ եմ: Սիրուն չի:

– Անձամբ Դուք կարողանո՞ւմ եք առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունները:

– Առաջարկները ձևավորելու, ներկայացնելու և աջակցություն ստանալու առումով՝ այո: Համենայն դեպս, խոչընդոտ չկա, և ներքին քննարկումների դաշտում էլ ամեն ինչ շատ կառուցողական է: Դե, բնականաբար, կառավարության ներսում քննարկումներ գնում են:

– Այդ դեպքում բիզնեսի դժգոհությունն ինչո՞վ եք բացատրում, մասնավորապես՝ գործարար միջավայրի հետ կապված:

– Կոնկրետացրեք՝ ո՞ր բիզնեսմենի և ինչի՞ մասին է, ընդհանուր արտահայտություններն առարկայական չեն, զուտ հռետորական են, որ պատասխան չեն նախատեսում:

– Անվանական նշելը ճիշտ չէ: «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ այս տարի ՀՀ-ում գրանցվել է 7503 տնտեսվարող սուբյեկտ` 4949 լուծարվածների դիմաց: Բայց արդյոք այդ բացվածներն իրականում գործո՞ւմ են: Բիզնեսմեններն ասում են, որ գրանցվելը դյուրինացել է, բայց գործարար միջավայրը՝ ոչ, և նոր բացվածները փաստացի չեն գործում:

– Դա ռեգիստրի թվերն են, դա ո՛չ ես եմ ասում, ո՛չ Դուք, ո՛չ էլ երրորդը: Դուք նման ինֆորմացիա որտեղի՞ց ունեք:

– Բայց մենք ավելի շատ ականատես ենք դառնում փակված բիզնեսների, որ օր օրի ավելանում են:

– Իսկ միգուցե փակվածնե՞րն են գործում:

– Դա արդեն ստվերի մասին եք խոսում:

– Չգիտեմ, դուք ասում եք մի բան, որը ո՛չ Դուք կարող եք հաստատել, ո՛չ ես՝ հերքել: Ձեր նպատակն ի՞նչն է՝ հնարավորինս վա՞տ ներկայացնել, Ձեր նպատակն ի՞նչն է՝ հոռետեսությո՞ւն առաջացնել Ձեր ընթերցողի մոտ, Ձեր նպատակն ի՞նչն է՝ Ձեր ընթերցողի մոտ հնարավորինս հիասթափությո՞ւն առաջացնել ամեն ինչի նկատմամբ:

– Բոլորովին ոչ, ընթերցողներն արդեն հիասթափված են:

– Դուք Ձեր վրա պատասխանատվություն չեք վերցնում, որ Դուք էլ եք պատասխանատու գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի, զբոսաշրջային միջավայրի համար:

Դուք համարում եք, որ դուք կողքի կանգնած, կրավորական դիրքով, պահանջողի, քննադատողի և նույնիսկ լավը վատ ներկայացնողի ինչ-որ առաքելություն ունեք, չգիտեմ ինչի, միևնույն ժամանակ` չեք կարում ընկալեքգ. օրինակ, մի հատ տաքսու վարորդ, էն օրը եկել էին, ռուս տուրիստներից մեկն ասում էր, որ մի տաքսու վարորդն իրանից վերցրեց 4000 դրամ, էն մյուս տաքսու վարորդը էն մյուս ռուս տուրիստից վերցրեց 9000 դրամ: Հետո էդ նույն 9000 դրամ վերցնողը կբողոքի, կասի` Հայաստան տուրիստ քիչ ա գալիս, չէ՞ որ նրանք իրար պատմում են, առանց հաշվի առնելու, որ էսօրվա իր վերցրած 9000 դրամը հետագայում մի 10 հատ 4000-ից զրկեց:

Ձեր հարցը նմանատիպ բան է, որ, եթե միջավայրը լավն է, ներդրումները շատ են, ձեր մամուլի միջոցներում գովազդները շատ կլինեն, և լրագրողն ինքն իր շահից ելնելով` լավը վատ չի ներկայացնի: Ինքը չի աշխատի անպայման իրա ընթերցողի մոտ հիասթափություն, հոռետեսություն, ապագայի նկատմամբ չգիտեմ ինչ-որ սև բաներգ

– Դուք հիմա կրկնում եք Սերժ Սարգսյանին, թե գաղջ մթնոլորտի մեղավորները լրատվամիջոցներն են:

– Ես ասում եմ իրականությունը:

– Այսինքն՝ գաղջ մթնոլորտը լրագրողների՞ պատճառով է:

– Ձևակերպումները Դուք ինքներդ ավելի լավ գիտեք, բայց ես ասում եմ իրականությունը, որ դուք եք տուժում: Առանց հասկանալու, որ այս պահին ձեր տված սխալ ինֆորմացիան վաղն անդրադառնալու է ձեր իսկ աշխատավարձի վրա, դուք էդ հարցը տալիս եք:

– Օտարերկրյա ներդրումների տարեցտարի նվազումը նույնպե՞ս լրագրողների մեղքն է:

– Չեն պակասել, ավելացել են: Ո՞վ ասաց, որ պակասել են: Օտարերկրյա ներդրումներն առաջին եռամսյակում ավելացել են, դրա մեջ պակասել են ուղղակի ներդրումները, որն անցած տարվա գազի հետ կապված` այս տարի կարող էր մի քիչ էլ պակաս լինել: Դա թմբկահարել ու ասել ամբողջ աշխարհին, որ պակասել են, դրանով կավելանա՞ն ներդրումները: Դուք ինչի՞ եք ձգտում, դուք մեր երկրից, մեր հասարակությունից, մեր ընտանիքից չե՞ք: Չէ՞ որ դրանից ենք տուժում, երբ մեր եղած լավն էլ ենք վատ ներկայացնում: Մենք բոլորս ենք միանգամից հայտնվում մի իրավիճակում, որ ասում են՝ գիտեք ինչ, էնտեղ սկի լավն էլ չի անցնում:

– Ինչո՞ւ եք թերագնահատում գործարարներին, որ իրենք սթափ չեն գնահատում իրավիճակը, ու ներդրումների պակասը լրագրողների քննադատությունների հետևանքը չէ:

– Իմ ասածը վերաբերում է և՛ լրագրողներին, և՛ սահմանապահին, որը, ասենք, կարող ա առանց սափրվելու հարց տա, ասի՝ «целъ приезда», և՛ մաքսավորին, և՛ տաքսու վարորդին, բոլորը պիտի իրենց վրա պատասխանատվություն զգան, որ սա իրենց երկիրն է, և ներդրումային միջավայրի պատասխանատուն մենք բոլորս ենք:

– Օլիգարխների, մենաշնորհների, կոռուպցիայի մասին չեք խոսում:

– Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ պատասխանատու են, հավասարապես ենք պատասխանատու, մի երկիր, մի ժողովուրդ ենք: Կրավորական դիրք ով ընդունում է, ինքը միանգամից պետք ա ասի՝ ես էս երկրից չեմ: Իսկ ո՞վ է խոսում առաջինը կոռուպցիայից՝ իշխանությունը, մենաշնորհներից առաջինը խոսում է իշխանությունը, իշխանությունն է որևէ քայլ ձեռնարկում: Հետո դրա արդյունքում որևէ մեկը վերցնում է մի նյութ ու ասում է՝ իշխանությունը չի խոսում:

– Խոսքն ու գործը նույնը չեն:

– Ու ձեր տված ինֆորմացիայի պատճառով գովազդը քիչ կլինի, ներդրումները կպակասեն:

– Ձեր խոսքից հետևում է, որ իշխանության գործը նսեմացվում է, էական չէ, առաջնային ու որոշիչ է դառնում լրագրողների ներկայացրածը:

– Ոչ միայն առաջնային, այլև ընդհանրապես տրամադրություններ առաջացնելու մասով, ներդրումային մթնոլորտի մասով դեր ունի: Իսկ որևէ մեկը կարող է մերժե՞լ դա, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում: Դուք մի նսեմացրեք ձեր աշխատանքը, ազդեցությունը հասարակական կարծիքի վրա: Ես այդ կարծիքին չեմ: Հետո կխնդրեի իշխանություններին ժողովրդից չտարանջատել, դա սխալ մոտեցում է: Մենք ժողովուրդ ենք բոլորս, ինչքան էլ որ իմ ասածն այս պահին ձեր համար զարմանալի թվա, այդպես է: Եվ հետո՝ էսքան նեգատիվին դիմադրելը գիտե՞ք ինչ դժվար է: Հմուտ, փորձառու եթե չլինես, միանգամից քեզ կկործանեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս