Վարդան Այվազյանը՝ ընդդիմադիրներին. «Էս կասկածամտությունը, վերջիվերջո, պետք է վերացնենք, տեսնենք՝ ինչ ենք տալիս, ինչ ենք առնում»
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրի քննակման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կոչ արեց ընդդիմադիրներին ազատվել կասկածամտությունից:
«Էս կասկածամտությունը, վերջ ի վերջո, պետք է վերացնենք, տեսնենք՝ ինչ ենք տալիս, ինչ ենք առնում, ըսենց ամպագոռգոռ խոսում ենք: Խոսեցինք տոկոսների մասին, ի՞նչ է ասում, մարդն ասում է՝ ես ձեզ փողը տալիս եմ, արեք, իմ գործարանից էդ զենքը միանգամից էն գնով տարեք, որով իմ բանակին եմ տալիս… վա՞տ ա ասում, վա՞տ բան ենք անում: Տոկոսները՝ ասում ա, եթե հանկարծ դու ուշացրեցիր, առաջին 3 տարվանից հետո, երբ որ կվճարես, էդ քո ուշացրած օրվա 3% փոխարեն ես 10 օրից հետո կհաշվարկեմ 4.5 % ընդամենը: Եթե հանկարծ, Աստված չանի, էդ փողը դու ինձ չտաս, ուշացնես, կավելացնեմ ընդամենը 4.5 %: Եթե հանկարծ դրանից հետո էլ չես տա, վա՛յ, էսինչ վատ բան ա ասում, ես 6 ամիս հետո կասեմ, որ էս ամբողջ պարտքը պետք ա հետ վերադարձնես: Չտա՞, չուզի՞ փողը»,- ասաց Վ.Այվազյանը:
Նա օրինաչափ ու բնական համարեց, որ վարկը դոլարով է տրամադրվում ու հիշեցրեց, որ ռուբլու փոխարժեքը մեկ դոլարի դիմաց իջել էր 30, բարձրացել 60, ու եթե 30 լինի, այս վարկի 200 մլն դոլարը կդառնա 400 մլն: Նրա խոսքով՝ անհնար է, որ զենքի ձեռքբերման համար տրամադրվող գումարը հատկացվի ՀԷՑ-ին փոխհատուցելու համար: