Տիգրանակերտում սկսվել են հնագիտական պեղումները
artsakhpress.am-ը գրում է. Արցախի Տիգրանակերտ քաղաքում արդեն սկսվել են հնագիտական պեղումները:
Ամեն տարվա նման դրանք իրականացվելու են երեք հիմնական պեղահատվածումˋ Ամրացված թաղամասում, Անտիկ առաջին և Կենտրոնական թաղամասերում:
«Կենտրոնական թաղամասում պեղված երկրորդ եկեղեցու արևմուտքում գտնվող վաղքրիստոնեական տապանաբակում մեծ սարկոֆագներ կան: Սարկոֆագներից մեկն ընդհանրապես չի բացվել: Մարսելից կժամանի մարդաբան Պոլ Բեյլին, ում հետ կբացենք դամբարանըˋ ոսկրաբանական նյութ ուսումնասիրելու համար: Ենթադրում ենք, որ այդ շարունակության վրա արևմտյան հրապարակում կարող են այլ կառույցներ ևս լինեն»,- հայտնել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
2014 թվականին Տիգրանակերտի հնագետները հասցրել էին պեղել Վանքասարի լանջի վրա գտնվող ամրոցի հյուսիսային պարսպի 250 մետրը, ինչը Տիգրանակերտը դարձնում է իր ժամանակաշրջանով թվագրվող և այդքան մանրամասնորեն բացված բացառիկ հուշարձան Կովկասում: «Պարիսպն այժմ թեքվել է ամրոցի ներսի կողմ, նոր կցակառույցներ են հայտնաբերվել: Մենք ակնկալում ենք շուտով բացել ամրոցի գլխավոր մուտքը, որը խոստանում է ոչ միայն ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, այլև արձանագրություններ. եթե ինչ-որ արձանագրություններ լինեն, մուտքի հատվածում կլինեն»,- տեղեկացրեց արշավախմբի ղեկավարը:
Արցախի պատմական քաղաքում պեղումները կտևեն 40 օր՝ մեկնարկելով հուլիսի 1-ից և շարունակվելով մինչև օգոստոսի 10-12-ը: Ֆինանսավորման մեկ երրորդի կրճատման հետևանքով այս տարի հայ հնագետները չեն կարողանա պեղումների մասնակից դարձնել Ֆլորենցիայի համալսարանի գործընկերներին, ում հետ երկու տարի անընդմեջ համագործակցել են շերտագրական դիտարկումներ կատարելու համար: «Արտասահմանյան բուհերը չեն կարող իրենք ֆինանսավորել իրենց աշխատողներին, քանի որ Ացախը քաղաքականպես ճանաչված չէ: Նրանց մասնակցությունը հնարավոր է միայն մեր ֆիանանսավորմամբ: Արցախի իշխանություններն այս տարի մեկ երրորդով կրճատել են մեր միակ ֆինանսավորման աղբյուրը՝ պատճառաբանելով, որ ֆինանսական վիճակը վատ է»,- բացատրեց հնագետը:
Հիմնական արշավախմբի կազմում են Երեւանի պետական համալսարանի Հնագիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Լյուբա Կիրակոսյանը, ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի հայցորդ Տատյանա Վարդանեսովան, ՀՀ ԳԱԱ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Ինեսա Կարապետյանը, Արցախի պետական համալսարանից Վազգեն Ղամբարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից Արմինե Գաբրիելյանը:
Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006-2008թթ. հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի Միջնաբերդի պարիսպների մի հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը: