Ինչպիսի՞ կազմով կներկայանա Ստեփանակերտի թիմը Համահայկական խաղերին
Ընթացիկ տարվա օգոստոսի 2-13-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունենալիք Համահայկական 6-րդ խաղերի ֆուտբոլային մարզաձևը կանցկացվի Արցախում։
Այդ խաղերում Ստեփանակերտ քաղաքը կներկայացնի «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի ավագների հավաքականը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, հավաքականի գլխավոր մարզիչ, սպորտի վարպետ Սլավա Գաբրիելյանը հայտնեց, որ ֆուտբոլային հանդիպումները նախատեսված են Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ ներկայումս վերակառուցման աշխատանքներ են ընթանում:
Շինարարական աշխատանքները համապատասխան ժամկետում ավարտելու դեպքում խաղերը կանցկացվեն Հանրապետական մարզադաշտում, իսկ չհասցնելու դեպքում` Ասկերանի մարզադաշտում, որտեղ էլ հունիսի 2-ից նախապատրաստական մարզումներ է անցկացնում Արցախի հավաքականը:
Անդրադառնալով մարզումների ընթացքին և Համահայկական խաղերում Արցախի մայրաքաղաքը ներկայացնելու պատվին արժանացած ֆուտբոլային հավաքականի կազմին, գլխավոր մարզիչը մասնավորապես նշեց, որ նոր ձևավորված հավաքականի կազմում ընդգրկված են Երևանի մանկապատանեկան առաջնություններն ավարտած և փորձառու ֆուտբոլիստներ: Հավաքականի գլխավոր մարզչի հաղորդմամբ, օրերս Արցախի ավագների նորակազմ ֆուտբոլային հավաքականը ընկերական հանդիպման ժամանակ 2:1 հաշվով հաղթանական ելքով է նշել իր առաջին խաղը Երևանի «Արարատ-2» հավաքականի հետ:
Խոսելով Համահայկական 6-րդ խաղերում մասնակցության, ակնկալիքների և առաջիկա ծրագրերի մասին «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ Համահայկական խաղերին մասնակցությունը արցախյան ֆուտբոլային հավաքականի համար պատրաստականության կարևոր փուլերից մեկը կլինի:
Առաջիկա գլխավոր նպատակներից Ս. Գաբրիելյանը կարևորեց ֆուտբոլի Առաջին լիգայի խաղերում հանդես գալը: