«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է վաճառել ՀԷՑ-ը. «Կոմերսանտ»
Ռուսական «Կոմերսանտ» թերթը, անդրադառնալով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) ազգայնացնելու երկրի իշխանությունների խոստումներին, գրում է, թե դա կարող է ստիպել «Ինտեր ՌԱՕ»-ին, որին է պատկանում ՀԷՑ-ը, վաճառել ընկերությունը:
«Կոմերսանտի» աղբյուրների տվյալների համաձայն՝ ռուսական հոլդինգը արդեն բանակցություններ է վարել ծագումով հայ ռուս գործարարների, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ
Սակայն, ինչպես գրում է թերթը, նոր սեփականատեր գտնելն այդքան էլ հեշտ չէ: ՀԷՑ-ը չբալանսավորված սակագների պատճառով բավական շատ պարտքեր են կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետբյուջեից։
«Կոմերսանտը» գրում է, որ Հայաստանում արդեն 10 օր շարունակվող ցույցերի պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ հայտարարել է, թե ՀԷՑ-ը կարող է գնվել ու հանձնվել կոնցեսիոն ղեկավարման: Ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն այդ տեղեկությունը չի մեկնաբանում:
Իրավիճակին ծանոթ «Կոմերսանտի» աղբյուրները հայտնում են, որ հոլդինգը պատրաստ է ազատվել խնդրահարույց ակտիվներից: Թերթը, հղում կատարելով Երևանում իր աղբյուրին, նշում է, որ ՀԷՑ-ը-ը ձեռք է բերելու գործարար Սամվել Կարապետյանը, սակայն «Տաշիր» խմբի ներկայացուցիչները հերքել են, որ ՀԷՑ-ի գնման շուրջ բանակցություններ են ընթացել մինչև սակագների բարձրացումը:
«Եթե լինի վաճառքի մասին հայտարարություն, այդ ժամանակ էլ ցանկացած կազմակերպություն կարող է, ուսումնասիրելով պայմանները, հասկանալ, թե տնտեսապես որքանով է շահավետ ձեռք բերել մեծ պարտքեր կուտակած ընկերությունը»,- բացատրել են խմբի ներկայացուցիչները։
Խմբի ռուսական գրասենյակում «տվյալ տեղեկությունից տեղյակ չեն», սակայն Հայաստանում էներգետիկ վիճակին ծանոթ «Կոմերսանտի» մեկ այլ աղբյուր հաստատել է ինչպես «Տաշիրի» հետ բանակցությունների, այնպես էլ «ծագումով հայ մյուս ռուս գործարարների» հետ բանակցությունների փաստը:
ՀԷՑ-ը 100%-ով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: 2014թ. ՀԷՑ-ի հասույթը կազմել է 157,3 մլրդ դրամ (333,8մլն դոլար), վնասը՝ 10,7 մլրդ դրամ (22,6 մլն դոլար):
ՀԷՑ-ի շուրջ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց օգոստոսի 1-ից Հայաստանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով: