ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

«Այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ:

Այսպիսի եզրակացության կարելի է գալ հենց միայն այն պատճառով, որ մեկ օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ոչ միայն էներգետիկ համակարգում առկա իրավիճակը, սակագների բարձրացման հիմնավորումները, այլ հայտարարեց, որ սակագնի բարձրացման որոշումը ևս կենթարկվի միջազգային աուդիտի, իսկ մինչ այդ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ողջ բեռը:

Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս ողջ գործընթացին ներգրավվել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Այս իրավիճակում անհասկանալի է դառնում ցուցարարների՝ Բաղրամյան պողոտան անօրինական ձևով փակ պահելու որոշումը, մանավանդ, որ ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ակցիան շարունակելու են Ազատության հրապարակում: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ստանալով իրենց կողմից բարձրացված հարցի դրական լուծումը, իրավագիտակցության բարձր որակներ դրսևորեցին, որը բխում է և հասարակության և պետության շահերից:

Վերջիններիս այդ որոշումը հաստատեց այն լավատեսական պնդումը, որ մեր երկրում իսկապես լավ սերունդ է մեծանում, երիտասարդներ, ովքեր զգում են իրենց քայլերի պատասխանատվությունը: Վերահաստատելով իշխանությունների պատրաստակամությունը՝ երկխոսության և համատեղ աշխատանքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հարցում, ևս մեկ անգամ կոչ եմ անում Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից և չսրել իրավիճակը: Միաժամանակ անթույլատրելի եմ համարում ոստիկանության հանդեպ ցանկացած սադրանք. նրանք ծառայում են մեր երկրին ու ժողովրդին և արժանի են ամենամեծ հարգանքի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս