Հայաստանի ամենաժողովրդավարական հարթակը փողոցն է. Գլենդելի նախկին քաղաքապետ

«ԱՄՆ-ում ևս առաջանում են այս կամ այն սակագնի բարձրացման հետ կապված խնդիրներ, սակայն դրանք այլ եղանակով են լուծում ստանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն` անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության բարձրացրած շարժմանն ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Սինանյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի, ջրի սակագնի բարձրացման խնդիրները ԱՄՆ-ում ևս լինում են, քանի ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում թանկացումներ անել և էլեկտրականության, և ջրի համար, բնականաբար, ԱՄՆ-ում ևս լինում են դժգոհություններ, քանի որ մարդիկ չեն ցանկանում բարձր գին վճարել:

Ըստ նրա` բողոքներին արձագանքելու տարբերությունն այն է, որ իրենք, որպես ընտրված պաշտոնյաներ, պատրաստ են բացատրական աշխատանք տանել, պատրաստ են արդարացնել, թափանցիկ կերպով ցուցադրել, թե գումարն ինչպես է ծախսվել կամ ծախսվելու:

«Մեզ մոտ բարձրացման մեծ մասը կապված է ուժային կառույցների ֆինանսավորման և հատկապես կանսաթոշակային պարտավորությունների հետ: Մենք ունենք ահագնացող թոշակային պարտավորվածություններ նախկին ու ներկա աշխատողների նկատմամբ, իսկ ֆինանսավորման այլ աղբյուրներ չունենք: Ոմանք բավարարվում են այդ բացատրությամբ, ոմանք` ոչ: Այն խումբը, որը չի բավարարվել ջրի սակագնի վերջին բարձրացումից հետո, դատական հայց է հարուցել Գլենդել քաղաքի դեմ, որը հիմա դատաքննության փուլում է և արդյունքում մենք կիմանանք` ճիշտ ենք գործել, թե ոչ:

Կարդացեք նաև

Ես շահագրգռված կողմ եմ այս հարցում, որովհետև եթե մենք սխալ ենք գործել, պետք է ուղղենք մեր գործողությունները: Հայաստանում մեր հայրենակիցները դատական համակարգին չեն վստահում և արդյունքում չեն դիմում դատական ատյաններին, այլ դուրս են գալիս փողոց և փորձում են փողոցում, որը ամենաժողովրդավարական հարթակն է, լուծել նման հարցերը»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս