«ՀՀ իշխանությունները և ՀԷՑ-ի կառավարիչները թող վերադարձնեն այն 23.6 միլիարդ դրամը, որ այսօր պիտի լիներ»
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի փաստարկները՝ էլ. էներգիայի թանկացման վերաբերյալ որեւէ քննադատության չեն դիմանում:
Այդ նույն փաստարկներով էլեկտրական հոսանքը արդեն իսկ թանկացել է 2013 եւ 2014 թվականներին, եւ այդ գործոնների փոխհատուցումը ներառված է 2014-ին սահմանված սակագնի մեջ:
Անցած մեկ տարում հայաստանցի սպառողը արդեն իսկ այդ գործոնների փոխհատուցման համար վճարել է 14 միլիարդ դրամ: 2014-ին սահմանված սակագնի պահպանման դեպքում այդ փոխհատուցումը կշարունակվի:
Ինչ վերաբերվում է ՀՀ անապահով քաղաքացիների սոցիալական նպաստը 2000 դրամով բարձրացնելու կառավարման որոշմանը՝ այն հիմնավորմամբ, թե սոցիալապես անապահով ընտանիքները հենց այդ չափով են էլ. էներգիայի հավելյալ վճարումներ անելու, սա նույնպես քննադատության չդիմացող մոտեցում է:
Իսկ ապրանքների ու ծառայությունների համատարած գնաճը ո՞վ է փոխհատուցելու սոցիալապես անապահով ընտանիքներին, եւ որտեղի՞ց են նրանք փոխհատուցելու այդ հավելյալ գնաճը: Կառավարությունն այս հարցի պատասխանը չունի:
Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ էլ. էներգիան թանկանում է միայն այն պատճառով, որ միլիարդների շահույթ ստացող ՀԷՑ-ի հաշիվներում փող չկա, որ վերջինս վճարի իր գնած եւ սպառողներին մատակարարած հոսանքի համար՝ 23.6 միլիարդ դրամ: Մինչդեռ սպառողները վճարել են ամբողջությամբ: Ընդ որում վճարել են բուն հոսանքի գինը, գումարած ՀԷՑ-ի շահույթը, գումարած Հովիկ Աբրահամյանի գործոնների փոխհատուցումը:
Իսկ ինչո՞ւ ՀԷՑ-ը 23.6 միլիարդ դրամ չունի: Որովհետեւ թալանվել է, այդ թվում ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ ՀԷՑ-ի կառավարիչների մասնակցությամբ: Իշխանության ներկայացուցիչները պատեհ-անպատեհ գումարներ են խնդրել իրենց անձնական պռոյեկտների համար, իսկ ՀԷՑ-ի կառավարիչները ճոխություններ ու ատկատներ են իրականացնել:
Լուծումը ուրեմն մեկն է. ՀՀ իշխանությունները եւ ՀԷՑ-ի կառավարիչները թող վերադարձնեն այն 23.6 միլիարդ դրամը, որ այսօր պիտի լիներ (սպառողները պարտաճանաչորեն վճարել են), բայց չկա»: