Առաջինը, ինչ Պուտինը կանի, Սարգսյանի նկատմամբ ճնշումներ բանեցնելն է, որպեսզի վերջինս ցրի հավաքը. Պիոնտկովսկի

168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, լիբերալ գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:

– Պարոն Պիոնտկովսկի, շուրջ 4 օր է՝ Երևանի կենտրոնում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հազարավոր հայ երիտասարդների շարժումը, որոնք չեն լքում Բաղրամյան պողոտան: Թեև պայքարի խնդիրը սոցիալական է, միջազգային մամուլում երևում են ուկրաինական Մայդանի հետ համեմատություններ, Երևանում տեղի ունեցողը նույնիսկ միջազգային «Էլեկտրամայդան» անունն է ստացել: Համեմատությունները տեղի՞ն են:

– Իրադարձությունների գլխավոր մասնակիցներին դուր չի գալիս այդ համեմատությունը, քանի որ նրանք, ակնհայտորեն, զգուշանում են Մոսկվայի արձագանքից: Սակայն խնդրի էությունը դրանից չի փոխվում, Մայդանի և Երևանում շարունակվող հուժկու բողոքի պատճառները տարբեր են. Ուկրաինայում պատճառն Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ Յանուկովիչի որոշումն էր, երևի թե Երևանում ևս հիշում են Սերժ Սարգսյանի անակնկալ հրաժարումն Ասոցացման համաձայնագրից՝ մոսկովյան ճնշումների ներքո, իսկ Երևանում բարձրացրած բողոքի ալիքի պատճառը բացառապես տնտեսական է, որում կա ռուսական գործոն, քանի որ այդ գները բարձրացրել է պարոն Սեչինը:

Թեև պատճառները տարբեր են, ինձ թվում է, որ որոշակի իմաստով, այո, կա նմանություն, քանի որ հետսովետական բոլոր երկրները ցանկանում են հայտնվել ազատության մեջ, ազատվել ավտորիտար, իրենց կամքը և որոշումները թելադրող իշխանություններից: Պատահական չէ, որ 25 տարի է անցել ԽՍՀՄ փլուզումից, որից հետո այս երկրներում ձևավորվել են թալանչի դիկտատուրաներ: Նոր սերունդ է ձևավորվել, որը աչքի է զարնում այդ տեսագրություններում, շատ մեծ երիտասարդություն է ներգրավված երևանյան իրադարձություններում, շատ ավելի երիտասարդ, քան Մայդանում: Այնպես որ, կա համեմատության եզր: Հետսովետական բոլոր ժողովուրդները ձգտում են ազատվել հետսովետական դիկտատուրաներից:

– Մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպիսի ապատեղեկատվություն են տարածում ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ները, տեղի ունեցողն «անկարգություններ», «Ուկրաինայի ահաբեկիչների աշխատանք Երևանում», «Ռուսաստանի դեմ Երևանում Պետդեպի պատվեր» որակելով, ինչը տեղի բնակչության համար ծիծաղելի է: Հաշվի առնելով այն փաստը, որ ԶԼՄ-ները ՌԴ-ում սերտաճած են իշխանությունների հետ, կարելի է ենթադրել, որ իշխանությունները նույնպես այս ամենը դիտարկում են՝ որպես Պետդեպի պրոյեկտ, և բավականին խիստ արձագանք են ակնկալում ՀՀ իշխանությունների կողմից: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն կլինի ՌԴ իշխանության արձագանքն այս ամենին՝ ոչ պաշտոնական մակարդակում:

– Ամենասարսափելին այն է, որ ՌԴ իշխանությունները և քարոզչության առաջատարներն իրենց հասցրել են խելագարության այն աստիճանին, որ անկեղծորեն հավատում են այն ամենին, ինչ ասում են: Նրանք համոզված են, որ Արևմուտքը ևս մեկ ճակատ է բացել Ռուսաստանի դեմ Երևանում: Նրանք չեն տեսնում, որ իրավիճակը նույնիսկ այնպիսին է, որ Ռուսաստանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են իրենց օգտին դրական միավորներ հավաքել:

Ինչպես: Օրինակ` Պուտինը կարող էր ընդամենն իր մոտ կանչել Սեչինին, ամոթանք տալ, ասել, որ արդեն բավարար է մի քանի տասնյակ միլիարդ դոլարները, որ իրենք միասին գողացել են, և կարող են իրենց թույլ տալ հրաժարվել այդ թանկացումից Հայաստանում, ապա զանգահարել Սերժ Սարգսյանին, մարդիկ այդ ամենից հետո Ռուսաստանի նկատմամբ գոհունակության մեծ զգացումով կվերադառնային իրենց տները, կբարձրանար ՌԴ հեղինակությունը, Սերժ Սարգսյանի ռեժիմը կամրապնդվեր: Սա ամենապարզն էր, ինչ կարող էր անել Պուտինը: Կան շատ տարբերակներ: Ցանկացած, նույնիսկ՝ ցինիկ մարդ այսկերպ կվարվեր:

Ինչո՞ւ Պուտինն այդպես չի վարվի: Նա չի անի նման բան, քանի որ անկեղծորեն հավատում է խելագարությանը, կարծում է, որ Երևանում ամերիկացիներն իր դեմ նոր ճակատ են բացել, որպեսզի իր վերջը տան: Ուստի ես չեմ բացառում, որ Մոսկվան այս իրավիճակում հիմարությունների դիմի, որոնք կտրուկ կվատթարացնեն իրավիճակը Հայաստանում, այն իրավիճակը, որը, կրկնեմ, կարելի է լուծել հինգ րոպեի ընթացքում՝ ի օգուտ Մոսկվայի և Հայաստանի իշխանությունների:

– Իսկ Պուտինի ավանդական այդ ընկալումն ի՞նչ բացասական հետևանքներով է լի Հայաստանի և այս շարժման համար:

– Առաջինը, ինչ Պուտինը կանի, Սարգսյանի նկատմամբ ճնշումներ բանեցնելն է, որպեսզի վերջինս ցրի հավաքը, Պուտինը կպահանջի վերացնել Երևանում հաստատված ուկրաինական զինյալներին, կպահանջի ձերբակալել ամերիկացի գործակալներին, և այսպես շարունակ: Ի վերջո, Հայաստանում կան ռուսական զորքեր, որոնք անհրաժեշտության դեպքում Պուտինը կօգտագործի: Դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է կատարվել խելագար մարդու ուղեղում: Ես առաջարկեցի իրավիճակից դուրս գալու պարզագույն մի ելք: Բայց այն, որ այս օրերի ընթացքում նման բան չի արվել, ցույց է տալիս, որ Մոսկվան մտածում է բացարձակապես այլ բանի մասին: ՀՀ նախագահն այս իրավիճակում առանց Մոսկվայի համաձայնության որևէ քայլի չի դիմի, վախենում է «չենթարկվել» Մոսկվային, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, նրան կմղի ցուցարարների կոպիտ ցրման գործողությանը: Երկրորդ օրը ՀՀ իշխանություններն ազատ արձակեցին ձերբակալվածներին, ՀՀ ոստիկանապետը ներողություն խնդրեց, սկսվեցին հետաքննություններ, սա արդեն Մոսկվայի ծայրաստիճան դժգոհությանն է հանգեցրել, ելնելով այն մեկնաբանություններից, որոնք հնչում են ռուսական մամուլում:

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կրկին բարդ ընտրության առջև է կանգնել`գոհացնել Ռուսաստանի՞ն, թե՞ Արևմուտքին, որը կոչ է անում հետաքննել օրեր առաջ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը:

– Այո: Սերժ Սարգսյանը, մինչ Մոսկվայի հրահանգները կատարելը, պետք է մտածի իր քաղաքական ապագայի մասին, դժվար է ասել` ինչպիսի որոշում նա կկայացնի: Պարզ ելքը ցուցարարների պահանջները կատարելը կլիներ, առավել ևս, կրկնեմ, որ ցուցարարները հրաժարվում են իրենց ակցիան քաղաքականացնել, իսկ դա ձեռնտու է Սարգսյանին, ցանկացած զիջում կլինի նրա օգտին, նաև Մոսկվայի, ինչպես ասացի: Սակայն Մոսկվայում խելագար իշխանությունների պայմաններում՝ կանխատեսումներ անելը բարդ է: Միանշանակ երևում է, որ Երևանի կենտրոնում հավաքված երիտասարդները տրամադրված են մարտական:

Տեսանյութեր

Լրահոս