Electric Yerevan. հայ ցուցարարները վերադառնում են փողոցներ՝ ի հեճուկս ձերբակալությունների ու ջրցան մեքենաների. The New York Times
Հեղինակավոր The New York Times-ը ծավալուն հոդված է տպագրել երևանյան վերջին իրադրաձությունների մասին՝ հոդվածում հրապարակելով Twitter-ում հայ օգտատերերի գրառումները, լուսանկարներն ու տեսագրությունները:
«Հազարավոր ցուցարարներ են դուրս եկել ոստիկանների դեմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում երեքշաբթի օրը՝ նախորդ ցույցից ժամեր հետո, որը ցրվել էր ջրցան մեքենաների օգնությամբ ու որի ժամանակ ձերբակալվել էր ավելի քան 200 մարդ»,-գրում է պարբերականը:
The New York Times-ը գրում է, որ ցուցարարները երկուշաբթի ուշ գիշերվանից նախագահական նստավայրի մոտ նստացույց են անում՝ կառավարությունից պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ռուսական ընկերության պահանջը:
Հոդվածում նկարներ են տեղադրված, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարների վրա ջուր լցնում ու ցրում երեկ վաղ առավոտյան՝ ուժ գործադրելով նաև տեղի լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ:
Նշվում է, թե ինչպես են ցուցարարները երեկ երեկոյան դարձյալ հավաքվել Ազատության հրապարակում ու թե ինչպես են ցուցարարներից ոմանք իրենց հետ կատակի համար վերցրել ջրային ատրճանակներ, փրկօղակներ, ռետինե բադիկներ:
Նշվում է, որ լրագրողներն ու բլոգերները, ներառյալ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, տեղեկացրել են, որ արժանացել են կոպիտ վերաբերմունքի քաղաքացիական համազգեստներով ոստիկանների կողմից:
Պարբերականը ուշադրություն է հրավիրում փաստին, որ ռուսական մամուլը Երևանի իրադարձությունները համեմատել է Ուկրաինայի Եվրամայդանի հետ:
Նշվում է, որ դեպքերի նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը: