Բաժիններ՝

Օսիպյանը թույլ չի տալիս երթով շարժվել Բաղրամյան 26

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների սահմանած ժամեկտը մոտեցավ իր ավարտին, սակայն ոչ մի արձագանք չեղավ ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի կողմից: Այժմ Ազատության հրապարակը կրկին բազմամարդ է, և նախատեսվածի համաձայն՝ հիմա նախաձեռնության անդամները պատրաստվում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս՝ հայտարարելով, որ երթի մասին իրազեկում չի եղել համապատասխան մարմին: Այս պահին նախաձեռնության անդամները բանակցում են Վ. Օսիպյանի հետ:

Թե նախաձեռնության անդամները ինչ են այնտեղ պատրաստվում անել Բաղրամյան 26-ում՝ հայտնի չէ, նրանք չեն շտապում բարձրաձայնել իրենց ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ հունիսի 19-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնության նախատեսվող երթի փոխարեն նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ անցնում են նստացուցի՝ իշխանություններին մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ը ժամանակ տալով՝ վերնայալու էլետրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Հիշեցնենք, նաև որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է որոշումը՝ թանկացնել էլեկտրաէներգիան 6.93 դրամով:

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, որը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն Ազատության հրապարակում է, որպեսզի հետևի՝ արդյոք մարդու իրավունքների խախտումներ գրանցվո՞ւմ են, թե՞ ոչ: Նա տեղեկացրեց նաև, որ այս օրերին ինքը նաև զրուցել է ակտիվիստների հետ, ու դեռևս մարդու իրավունքների խախտումներ չկան:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արդարությունը շարժման կողմն է. «Պատահական չէ, որ շարժումն ինքն այս պահի դրությամբ բավական հաջող է, որովհետև չկա մարդ, որը կասկածի տակ առնի այս շարժման նպատակների օրինականությունը: Ի տարբերություն այլ շարժումների, սա այն դեպքն է, երբ շարժումը ամբողջովին հանդես է գալիս որպես Հայաստանի ամբողջ հասարակության շահերի ներկայացուցիչ, որովհետև այն առնչվում է բոլորին անխտիր: Շարժումը հաղթելու շատ մեծ շանսեր ունի: Պետք չէ ակնկալել, որ այսօրվա հավաքով ինչ-որ որոշում է ընդունվելու, բայց այսօրվա հավաքը, բողոքը հաստատապես մի նոր հանգրվան է լինելու շարժման ապագայի համար»:

Հարցին՝ սպասելի՞ էր Ձեզ համար, որ այս օրերի ընթացքում իշխանություններն այդպես էլ չարձագանքեցին նախաձեռնության պահանջներին, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ երբ վարչապետը, ՀԾԿՀ-ի նախագահը հայտարարեցին՝ դե մխիթարվեք՝ 7 դրամով ենք թանկացնում, այդ ժամանակվանից, նրանք կարծես իրենց վերջակետը դրեցին: Մինչդեռ հասարակությունը և շարժումը չի ընդունում այդ վերջակետը և ասում է, որ իր համար դա վերջակետ չի կարող լինել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս