150 մլն դոլար վարկ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության համար
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թ. ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է վերցնել 150 մլն դոլար վարկ՝ 20 տարի ժամկետով, 1.65% տոկոսադրույքով, 5 տարի արտոնյալ ժամկետով: Նա նշեց, որ մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի մեկնարկից 5 տարի անց: Ըստ Առաքելյանի՝ այս գումարով վերակառուցվելու է Ագարակից Քաջարան ճանապարհահատվածը, գնվելու են խորհրդատուի և ինժեներական ծառայություններ, նախատեսվում են նաև չնախատեսված ծախսեր՝ 6.8 մլնի չափով:
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ համաֆինանսավորելու է անուղղակի հարկերը՝ 30.2 մլն դոլարի չափով, նաև համաֆինանսավորվելու է հողատարման գործընթացը:
«Ճանապարհի ծրագիծը հաճախ չի կրկնում գրոծող ճանապարհի ծրագիծը և հողային աշխատանքներն ավելի շատ են»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ծրագրի ավարտը 2017 թվականն է: