![](/banners/BeFunky-design.jpg)
Կրծքագեղձի վիրահատության նոր մեթոդը՝ Հայաստանում
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/10409408_1637755683132221_7065947840592239153_n.jpg)
Հայաստանում է ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մանրամասները:
Արթուր Սալիբյանը շուրջ երկու տարի է, ինչ հայ մասնագետների հետ մեր երկրում առաջինն է կատարում վիրահատության այս տեսակը: Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի տեղեկացմամբ` կրծքագեղծի պահպանման վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը:
«Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով նախընտրելի արդյունք»,- նշեց մասնագետը:
Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում:
«Երկու տարի է, ինչ առաջին քայլերն հաջողությամբ են ընթանում, հույս ունեմ, որ մի քանի տարի անց ծրագիրն արդեն ներդրված կլինի Հայաստանում»,- ասաց Արթուր Սալիբյանը` ընդգծելով, որ վիրահատության արդյունքները թե էսթետիկական, թե ուռուցքաբանական տեսանկյունից շատ ավելի նախընտրելի են:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակվող ծրագրի իրականացման և մեր երկրում լայնորեն կիրառման համար ստեղծել աշխատանքային խումբ, կկազմակերպվեն նաև մասնագետների փոխայցեր: