«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը խաթարում է պարտքային մեխանիզմը. Արծվիկ Մինասյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ պետական պարտքից Կենտրոնական բանկի պարտքի տարանջատման արդյունքում խաթարվում է պարտքային մեխանիզմը:
«ԿԲ-ի և կառավարության կողմից ներգրավված պարտքային քաղաքականությունն իրար հետ փոխկապակցված են»,- ասաց Ա.Մինասյանը: Ըստ նրա՝ օրենքը պետք է ամբողջությամբ վերանայել: Ա.Մինասյանը հայտարարեց, որ օրինագիծը բացասական սպասումներ է առաջացնում և հորդորեց, առաջարկեց, խնդրեց՝ հանել առաջին և երկրորդ ընթեցումն ու տանել. «Որևէ ձևով չի արդարացնում այն նպատակը, որ Դուք հայտարարում եք՝ զուտ վիճակագրության համար»:
ՀՀ ֆինանսների փոխնախարար- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը զարմանք արտահայտեց, որ պատգամվորի մոտ բացասական սպասում է առաջացնում օրինագիծը. «Այս փոփոխությունը որևէ կերպ գնահատել որպես բացասական սպասումների աղբյուր, կարծում եմ, առնվազն գերագնահատված է: Այն, ինչ առաջարկում եք, որ պետք է ամբողջութամբ փոխել, նույնպես չափազանցված է»:
Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ ճգնաժամի հետ կապված որպես հետևանքների մեղմում ՀՀ արտաքին պարտքը մաս-մաս փոփոխության է ենթարկվել: Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է պետական պարտքից առանձնացնել Կենտրոնական բանկի պարտքը, սահմանվում է միայն կառավարության պարտք, որը չպետք է գերազանցի ՀՆԱ 60%-ը: Ընդ որում՝ ԿԲ պարտքի համար սահմանափակում չի նախատեսվում: