Ատոմակայանի վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2017 թվականի գարնանից
Հունիսի 1-12-ը Հայաստանում էր գտնվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության` IRRS առաքելությունը, որի նպատակն էր՝ ուսումնասիրել և քննարկել Հայաստանում միջուկային և ճառագայթային անվտանգության ենթակառուցվածքի և օրենսդրության վիճակն ու դրա համապատասխանությունն ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ժամանակակից այլ չափանիշներին: Հոկտեմբեր ամսին արդյունքներն արդեն պաշտոնապես կներկայացվեն Հայաստանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ նշելով, որ առաքելության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումն ավելի բարձր մակարդակի կհասցնի Հայաստանում միջուկային և ճառագայթային անվտանգության մակարդակը: Հարցին՝ ենթադրվում է, որ Ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը, ինչպիսի՞ ռիսկեր կան հոսանքի արտադրության առումով, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքը նման հարցերի չի տիրապետում, իրավասու չէ դրանց պատասխանել, այդ հարցով պետք դիմել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Լրագրողի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ խնդիրներ ունենաք, եթե Ատոմակայանը դադարեցնի աշխատանքը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ պլանավորելով Ատոմակայանի նախագծային ժամկետի երկարացման հարցը, բնականաբար, նաև արդեն հաշվել է, թե Ատոմակայանը քանի ամիս կկանգնի, որպեսզի իրականացվեն և՛ առաջին հետազոտման փուլի աշխատանքները, և՛ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները.
«Դա, մոտավոր հաշվարկներով, հնարավոր է՝ տևի մինչ 6 ամիս, և այդ ընթացքի համար, բնականաբար, համապատասխան մարմիններն արդեն նախատեսել են փոխարինող մեխանիզմներ»: Հարցին էլ՝ որքանով՞ է հիմա անվտանգ և վտանգավոր գործող էներգաբլոկը, և որքանո՞վ է անհրաժեշտ դրա արդիականացումը, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ես այսօր ռիսկեր չեմ տեսնում, ոչ միայն ես, այլև այն բոլոր մարմինները և կազմակերպությունները, որոնք ներգրավված են այդ աշխատանքներում»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ ակնհայտ խնդիրներ չկա՞ն, բանախոսը պատասխանեց, որ այսօր իրենք խնդիր չեն տեսնում. «Առաջին փուլը մինչև չավարտվի, մենք չենք կարող կոնկրետ ասել, որ կա այս կամ այն ռիսկը» Դիտարկմանը՝ շատերի մոտ կա մտավախություն, որ կարող է 6 ամսից ավելի երկար տևեն այդ աշխատանքները, և կարող ենք հոսանք չունենալ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ, թեև նման ռիսկեր չեն եղել, բայց յուրաքանչյուր ատոմակայան տարբերվում է մյուսներից. «Հնարավոր է, որ լինեն ռիսկեր, որ հայտնաբերվեն այնպիսի թերություններ, որոնց վերացումը կպահանջի ավելի շատ ժամանակ, բայց ատոմակայանների շահագործման երկարացման փորձը ցույց է տալիս, որ մոտավորապես 6 ամիսը բավարար է»:
Նա նաև տեղեկացրեց, որ հիմնական աշխատանքները կսկսվեն 2017 թվականի գարնանից և մոտավորապես 2017 թվականի նոյեմբերին արդեն Ատոմակայանը կստանա լիցենզիա՝ շարունակելու շահագործումը ևս 10 տարով:
Հարցին՝ շահագործման ժամկետի երկարացումն արդյոք նշանակո՞ւմ է, որ նոր ատոմակայան չի կառուցվի, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը 2008 թվականին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ոչ, սա չի նշանակում, որ ատոմակայան չի կառուցվելու, ուղղակի սա հնարավորություն է, որ մեր երկրում մոտ 300 միլիոնով ստանանք 400 մեգավատտ հզորություն: Նոր ատոմակայանի կառուցման դեպքում նախատեսվում է կառուցել 1000 մեգավատտ հզորությամբ ատոմակայան, որը, կարծում եմ՝ միլիարդ դոլարից ավելի կլինի, և հիմա փնտրվում է այլ հնարավորություն, քննարկվում է, որպեսզի ոչ թե 1000 մեգավատտանոց ատոմակայան կառուցվի, այլ միջին հզորության: Այս բլոկի շահագործման ժամկետի երկարացումը թույլ կտա, որ ունենանք լրացուցիչ ժամանակ, երբ կհայտնվեն նախագծեր՝ միջին հզորության ատոմակայանների կառուցման համար»: