Ամերիկայի հայկական համագումարը սգում է Քըրք Քրքորյանի կորուստը
Վաշինգտոն-Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է Քըրք Քրքորյանի կորուստը, ով ս.թ. հունիսի 15-ին կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում: Քրքորյանը հարգարժան գործարար էր, բարերար, և ամերիկահայ համայնքի խորհրդանշական առաջնորդ:
Քրքորյանը ծնվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), որպես հայ գաղթականների ընտանիքի չորրորդ`կրտսեր զավակ, հանդիսանալով Ամերիկայում հայ լինելու լավագույն օրինակ: Համագումարի խորհրդի պատվավոր նախագահ Հրայր Հովնանյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Խորապես վշտացած եմ` լսելով Քըրք Քրքորյանի մահվան բոթը: Նա Հայաստանի բարեկամն էր, Համագումարի բարեկամը, և հայերի բարեկամն ամենուր:
Եվ ինձ համար հատկապես թանկ է այն, որ նա իմ ընկերն էր: Ես մեծ պատիվ ունեցա հյուրընկալելու նրան` Հայաստան պատմական այցի ժամանակ: Իր վիթխարի առատաձեռնությամբ նա հսկայական փոփոխություն կատարեց մեր հայրենիքում:
Տարիներ շարունակ տնտեսական լճացումից հետո նրա աջակցության շնորհիվ Հայաստանը բռնել է արդիականացման ուղին: Նա հպարտ էր իր ժառանգությամբ, և ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան այսքան երկար տարիներ»:
Ըստ Forbes-ի, Քրքորյանը կուտակել է մոտ 4 միլիարդ դոլար սեփական կապիտալ: Նա իր ողջ կյանքի ընթացքում նպաստել է Հայաստանի զարգացմանը, և աջակցել ամերիկահայության տասնյակ հիմնախնդիրների, նաև Ամերիկայի հայկական համագումարին:
Քրքորյանը հատկապես հայտնի էր 1989 թ. Լինսի հիմնադրամի ստեղծմամբ` որպես Սպիտակի ավերիչ երկրաշարժի արձագանք: Լինսի հիմնադրամը էական նվիրատվություններ է կատարել` հազարավոր տեղահանված անհատներին ու ընտանիքներին բնակարաններ տրամադրելու, ինչպես նաև ճանապարհների ու այլ կարևոր ենթակառուցվածքների վերակառուցման նպատակով: Քրքորյանի ողջ ընտանիքի հետ միասին աղոթում ենք նրա հոգու հանգստության և խաղաղության համար:
Ամերիկայի հայկական համագումար