Ինչո՞վ էր պայմանավորված Մովսես Հակոբյանի տեղափոխումը Հայաստան
Հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել Երևան՝ նշանակվելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ: 168.am-ը ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ էր նպատակահարմար այս պահին ԼՂ պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելը և Երևան տեղափոխելը՝ հաշվի առնելով, որ հիմա Բաքվում ընթանում են Եվրոպական օլիպիական խաղեր,՝ և հնարավոր է՝ լարված լինի սահմանում: Ի պատասխան մեր հարցի՝ ռազմական փորձագետն ասաց, թե իր կարծիքով՝ այդ տեղափոխությունն առանց քննարկման չի կատարվել, Ղարաբաղի ղեկավարն այս հարցը հստակ քննարկել է ինչ-որ շրջանակներում և երևի նպատակահարմար է գտել տեղափոխել:
Հարցին՝ այս փոփոխությունը կարո՞ղ է ազդել ԼՂ Զինված ուժերի մարտունակության վրա, Գ. Կարապետյանը պատասխանեց, թե կարծում է՝ ազդեցությունը շատ քիչ կլինի. «Սկզբնական շրջանում, բոլոր դեպքերում, նոր նշանակված մարդիկ կլինեն, իսկ նոր նշանակված մարդիկ աշխատում են իրենց նկատած թերությունները վերացնել: Նոր աչքը միշտ նոր բան է տեսնում, նոր աչքը միշտ տեսնում է որոշ շեղումներ, որոշ հանգամանքներ, որոնք պետք է շտկել, և կարծում եմ՝ նոր մարդն առաջին հերթին՝ շտկումներ կմտցնի, և Զինված ուժերի մարտունակությունը, չեմ կարծում, որ կարող է անկում ապրել»:
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է նույնիսկ դրական ազդեցություն ունենալ որոշ առումներով. «Ես չեմ կարծում, որ մարտունակության անկում կլինի, և չեմ կարծում, որ առաջխաղացում չի լինի, հաստատ ինչ-որ տեղ նոր լուծումներ կգտնեն տարբեր խնդրահարույց հարցերի համար: Իմ կարծիքով՝ ավելի արդյունավետ աշխատանքներ կլինեն հիմա»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված այս տեղափոխությունը՝ Մովսես Հակոբյանի ներկայության անհրաժեշտությունը ՀՀ Զինված ուժերում կա՞ր, թե՞ Ղարաբաղում ինքն արդեն անելիք չուներ, ու նոր մարդու կարիք էր զգացվում, Գ. Կարապետյանը պատասխանեց, որ չպետք է տարանջատել Հայաստանը և Ղարաբաղը. «Մեր թշնամիները միշտ աշխատել են այդ ուղղությամբ, որ բաժանեն Հայաստանը, տարբեր անուններով կոչեն ու ինչ-որ տեղ իրար դեմ հանեն, ու որոշ առումով նրանց մոտ ստացվել է: Պետք է չտարանջատենք ու չմտածենք, որ Ղարաբաղի պաշտպանության նախարարը եկավ Հայաստան, Հայաստանի նախարարը գնաց Ղարաբաղ, այլ Հայաստանի քաղաքացին, բնակիչն այսինչ պաշտոնից ազատվեց, նշանակվեց այնինչ պաշտոնի»:
Մեր հարցին՝ այնուամենայնիվ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը, ռազմական փորձագետն այսպես պատասխանեց. «Պաշտոններից ազատել-նշանակելը սովորական գործընթաց է, և ժամանակ առ ժամանակ այդ փոփոխությունները լինում են, դա չի կարող այդպես մնալ՝ նշանակվեց այսինչ մարդն այսինչ պաշտոնին ու գնաց մինչև վերջ: Ցմահ պաշտոններ չեն դրանք: Մովսեսը բավականին մեծ մարտական փորձ ունի, և կարծում եմ՝ այդ մարտական փորձն ուղղակի անհրաժեշտ էր բերել մեր Զինված ուժեր»: