Այդ մարզպետի առաջ օրենքը պետք է ոտնատա՞կ արվի, որպեսզի մարզպետին հաճոյանա՞ն

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Դատարանում դատախազը հրապարակեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին ուղղված պատասխանը, որով ԱԱԾ-ից հայտնել էին, թե Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրելու թույլատրման որոշումը չի կատարվել տեխնիկական խնդիրների պատճառով:

Նշենք որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլատրվել էր լսել և ձայնագրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի և նրա երկու հարազատների հեռախոսային խոսակցությունները: Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց նպատակն է եղել պարզել, թե հատկապես ինչ տեխնիկական պատճառ կարող էր առաջանալ ԱԱԾ-ում, որ այս գործով դատարանի որոշումը չկատարվեր:

Նրա խոսքով՝ այդ հարցի պատասխանՆ ԱԱԾ-ն չի տվել: Նա միջնորդեց դիմել ԱԱԾ-ին՝ պարզելու համար, թե ինչ տեխնիկական պատճառներով որոշումը չի կատարվել, երբ են ի հայտ եկել այդ տեխնիկական պատճառները, որքան են տևել այդ տեխնիկական պատճառները: Դատախազն առարկեց միջնորդության դեմ. նա նշեց, որ քննիչը տեղեկանք էր կազմել, որ ներկայացել է ԱԱԾ, որտեղից իրեն հայտնել են, որ որոշումը չի կատարվել տեխնիկական պատճառներով: Նա նշեց, որ իր ընկալմամբ՝ Հ. Ալումյանի՝ ԱԱԾ հարցում անելու միջնորդության հիմնական նպատակն էր՝ հարցման միջոցով պարզել՝ նման բան իրականում տեղի ունեցե՞լ է, թե՞ քննիչը միակողմանի, կեղծ տեղեկանք է կազմել, կցել քրեական գործի նյութերին: «Բավարարվեց պարոն Ալումյանի միջնորդությունը: Հարցում կատարվեց: Հիմա պատասխանը ստացել ենք, որ տեխնիկական պատճառներով չի կատարվել: Այսինքն՝ փաստը հաստատվեց, որ իրականում չի կատարվել, և իրականում որևէ անձի, ընդհուպ՝ քննիչի կողմից որևէ կեղծիք չի կատարվել»,- ասաց դատախազը: Նրա կարծիքով՝ թե ո՞ր տեսակի տեխնիկական խնդիրների պատճառով որոշումը չի կատարվել, էական չեն այն հանգամանքների համար, որոնք այս դատարանը ստուգման է ենթարկում: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ ԱԱԾ-ից պատասխան ստացվել է:
Դատարանում Հայկ Ալումյանն ասաց, որ 2013թ. հունիսի 2-ին (դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին գիշերը) որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:

Ըստ Հայկ Ալումյանի՝ այդ որոշումը հիմնավորվել է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարում են ՀՀ պաշտպանության նախարարության քննիչները:

Կարդացեք նաև

«Քննիչն ասում է, որ այս պահին՝ հունիսի 2-ին, որևէ զինծառայողի այս գործով հանցագործություն է վերագրվում, այդ պատճառով գործն ուղարկում է ՊՆ:

Վերևում ինքը բացատրում է, թե դա որ զինծառայողն է՝ Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ: Տեսեք՝ ինչ իրավիճակ է: Այդ պահից արդեն քննիչը համարում է, որ Արտակ Բուդաղյանին հանցագործություն է վերագրվում: Արտակ Բուդաղյանն այդ ժամանակ կոմայի մեջ պառկած էր՝ ծանր մարմնական վնասվածքով: Արտակ Բուդաղյանը դեռ մեղադրյալ չէ, դեռ կասկածյալ չէ, նրան ամիսներ հետո է մեղադրանք առաջադրվում: Պատճառաբանությամբ, որ Արտակ Բուդաղյանին հանցագործություն է վերագրվում, գործն ուղարկում են զինվորական կառույցի քննությանը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ խախտվել է քննչական ենթակայությունը, քանի որ Արտակ Բուդաղյանին այդ պահի դրությամբ որևէ հանցագործություն չի վերագրվել. «Հանցագործությունը կարող է վերագրվել կամ մեղադրանք առաջադրելու միջոցով, կամ այնպիսի գործողություններով, որի արդյունքում անձը դառնում է կասկածյալ, իսկ իմ վստահորդը՝ Արտակ Էմիլի Բուդաղյանը, սրանից հետո դեռ երկար ժամանակ վկայի կարգավիճակով է քննվում: Եթե անձին քննում են վկայի կարգավիճակում, դա արդեն նշանակում է, որ իրեն այդ պահին հանցագործություն չի վերագրվում»: Հայկ Ալումյանի խոսքով՝ գործը քննել է մի մարմին, որն օրենքով այդպիսի իրավասություն չի ունեցել, հետևապես՝ այդ մարմնի կողմից ձեռք բերված բոլոր նյութերն անթույլատրելի են:

Դատախազն ասաց, որ քննչական ենթակայությունը չի խախտվել: «Արդեն իսկ 2013թ. հունիսի 2-ին, բնականաբար, այդ տեսագրող սարքերն առգրավելուց և ուսումնասիրելուց, զննության ենթարկելուց հետո ակնհայտ է դառնում, պարզ է դառնում, մենք բոլորս էլ, դատարանը՝ նույնպես, ուսումնասիրել ենք տեսաերիզի բովանդակությունը, տեսնում ենք, որ Արտակ Բուդաղյանը, զենքը ձեռքին, մեքենայից իջել էր, քաշքշուկ, կրակոցներ, զոհեր… Բնականաբար, վերագրվում է հանցագործություն: Իսկ թե ինչո՞ւ են 2 ամիս հետո մեղադրանք առաջադրել, դա արդեն այլ խնդիր էր»,- ասաց դատախազը՝ նշելով, որ ըստ ենթակայության ուղարկելուց հետո ձեռք բերված բոլոր ապացույցներն օրինական են:

Հայկ Ալումյանն ասաց նաև, որ նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս Արագած Ղևոնդյանն ասել է, որ տան խոհանոցում կանանցից մեկը սև գույնի ատրճանակ է գտել՝ նշելով, որ գետնից է գտել, ինքը տեսել է, որ «մագազին չկա». «Սա այն ատրճանակն է, որը հետագայում վերագրվել է Ավետիք Բուդաղյանին, իբր այդ ատրճանակով սկզբից հարձակվել է, հետո իր ձեռքից այդ ատրճանակը գցել են գետնին, նոր հետո մի ուրիշ ատրճանակ է հանել: Այս ատրճանակի մեջ չի եղել պահունակ՝ ըստ Ղևոնդյանի: Հիմա քրեական գործի մեջ այդ ատրճանակն էլ՝ պահունակով, մեջն էլ՝ փամփուշտներ… Այսինքն՝ պահունակն ատրճանակի վրա հայտնվել է արդեն այդ ամեն ինչից հետո: Այս քրեական գործի մեջ ինչպե՞ս է: Կամ ինչ-որ նյութ անհայտանում է, հետո չենք կարողանում պարզել՝ ուր, կամ մի նյութ է հայտնվում, որը չենք կարողանում պարզել՝ որտեղից: Սա այդ մի նյութերից մեկն է՝ այդ պահունակը»:

Դատախազն ասաց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արագած Ղևոնդյանը հարցաքննվել է, տվել է բոլոր հարցերի հստակ պատասխանը:

Նշենք, որ Հայկ Ալումյանը վիճարկում է նաև Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Հայկ Ալումյանն ասաց, որ Դատախազությունը նշում էր, որ, եթե անձը մահացել է, իսկ իրենք գնահատել են, որ նրա գործողություններում հանցակազմ կա, չեն կարող այլ որոշում կայացնել, քան քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Նա ներկայացրեց քրեական գործերից մեկով Երևանի դատախազի կայացրած որոշումը. նրա խոսքով՝ այս գործով նույն իրավիճակն է, տարբերվում են միայն անունները. ըստ Հայկ Ալումյայի՝ քննիչը որոշում է կայացրել մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել նրա մահվան հիմքով: Նրա իրավահաջորդը բողոքարկել է այդ որոշումը, պնդել է, որ մահացածն անմեղ է, պահանջել է քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, կամ քրեական գործն ուղարկել դատարան՝ նրա մեղավորության հարցը լուծելու համար: Նույնը պահանջում է նաև Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Երևանի դատախազն այս մասով բավարարել է մահացածի իրավահաջորդի բողոքը: Դատախազը, ըստ նրա, որոշման մեջ նշել է, որ տուժողի իրավահաջորդը հերքել է մահացածի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը և պահանջել նրա մեղավորության հարցի լուծումը վերապահել դատարանին, այսինքն՝ նա բարձրացրել է քրեական գործի վարույթը մահացածի իրավունքների պաշտպանության համար շարունակելու հարց, հետևաբար՝ առկա է գործի վարույթի կարճումը բացառող հանգամանք, հետևաբար՝ բողոքը ենթակա է բավարարման: Դատախազը որոշել է մահացածի նկատմամբ նրա մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասով որոշումը վերացնել: «Ճիշտ այս նույն բանը մենք ուզում ենք Ավետիք Բուդաղյանի համար, ճիշտ նույն բանը: Բա այս աստիճանի երկակի ստանդարտներ կլինե՞ն, այս աստիճանի անհետևողականություն կլինի՞, կամ այս աստիճանի աճպարարություն կլինի՞: Օրենքը հո այն բա՞նը չէ, որը պետք է կիրառել՝ ելնելով նրանից, թե ում նկատմամբ: Այս գործն Ավետիք Բուդաղյանի գործից միայն մեկ բանով է տարբերվում, որ մեր այս գործով կա Սուրիկ Խաչատրյան՝ Սյունիքի մարզպետ: Ուրիշ ոչ մի բանով չի տարբերվում: Հիմա ի՞նչ՝ այդ մարզպետի առաջ օրենքը պետք է ոտնատակ արվի, որպեսզի մարզպետին հաճոյանա՞ն: Այդպես չի՛ լինելու: Շուտ թե ուշ այս օրենքը հենց այսպես էլ աշխատելու է: Ես ուղղակի մի բան եմ մտածում՝ քանի՞ մարդ կհասցնի իր անունը վարկաբեկել, մինչև ամեն ինչ կգա-կկանգնի իր տեղը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Դատախազն այս որոշման վերաբերյալ գնահատական չհայտնեց՝ նշելով, որ այն ներկայացվել է դատարանին, և դատարանը կորոշի՝ որքանով են դեպքերը նման. իր կարծիքով՝ կան որոշակի տարբերություններ:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 2-ին. Հայկ Ալումյանը հարցում կկատարի ՀՀ ԱԱԾ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս