«Երևանի քաղաքապետարանը ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման ծրագրերին». Տարոն Մարգարյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց»-ի շինհրապարակ, ծանոթացել կառույցի շինարարական աշխատանքների ընթացքին: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում կառուցվող մարզաառողջարարական համալիրը նախատեսված է ավելի քան 1000 սաների և շուրջ 500 հանդիսատեսի համար:

Դպրոցը կառուցվում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների տնoրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի անձնական միջոցներով և նվիրաբերվելու է Երևան քաղաքին: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5 մլն դոլար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Արդեն ավարտվել են երկաթբետոնե կմախքի իրականացման աշխատանքները, արտաքին և ներքին պատերի շարվածքի, սահադաշտի տանիքի մետաղական ֆերմաների մոնտաժային աշխատանքները: Նշվել է նաև, որ այս պահին իրականցվում են ծածկի սենդվիչների մոնտաժային աշխատանքները, զուգահեռ կատարվում են շենքի ճակատի երեսպատման և ներքին հարդարման, ինչպես նաև ինժեներական աշխատանքները: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ի հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն այս աշնանն ամբողջությամբ կավարտվեն, և մարզական կառույցը կհանձնվի շահագործման ու իր կարևոր դերակատարումը կունենա հայկական գեղասահքի զարգացման հարցում:

«Երևանում ձմեռային մարզաձևերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մարզադպրոցը, ըստ էության, քայքայվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Դրա վերականգնումը բավական մեծ ծախսեր էր պահանջում և համայնքային բյուջեի միջոցներով այն վերականգնել իրականում հնարավոր չէր:

b97f81ab719c9bfba24ff2f98a34f5582f1c2234

Եվ այս տեսանկյունից իսկապես ողջունելի էր հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի պատրաստակամությունը՝ իր միջոցներով Երևանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր, որը կնվիրաբերվի Երևան համայնքին ու կգործի որպես ձմեռային մարզաձևերի դպրոց: Հիմնարկեքի օրից մեկ տարի է անցել և, ինչպես տեսնում եք, խոշոր շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, և արդեն այս տարվա աշնանը համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման: Կարծում եմ՝ հիշում եք, որ այս համալիրի հիմնարկեքին մասնակցում էր նաև գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան, ով սիրով խոստացավ ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցի կայացմանը: Ու հաշվի առնելով, որ նա նաև իր ակտիվ ու անմիջական մասնակցությունն է ունեցել այս մարզադպրոցի կառուցման հարցում, մենք էլ մեր հերթին նախատեսում ենք մարզադպրոցն անվանակոչել Իրինա Ռոդնինայի անունով»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին:
«Այս ծրագիրը կյանքի կոչվեց Հանրապետության Նախագահի ցուցաբերած հետևողականության շնորհիվ, որի արդյունքում ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող այս կառույցը կդառնա թե’ Երևանի և թե’ ամբողջ հանրապետության համար անհրաժեշտ ու կարևոր մարզադպրոց:

Սա նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, որի համար իմ և մեր բոլոր համաքաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակից Սերգեյ Համբարձումյանին: Կարծում եմ՝ սա նաև լավագույն ապացույցներից մեկն է, որ Երևանը բոլոր հայերի տունն է, և յուրաքանչյուրն իր ներդրումով նպաստում է, որ հնարավորին շուտ ունենանք բոլորիս ավելի լավ Երևանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս