Ինչո՞ւ է Ռուսաստանը դեմ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը` պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղային մայրուղու կառուցման նպատակահարմարությանն առնչվող հարցին` ասել է` Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի։
Նա նշել է, որ երկաթուղին հեռանկար չունի և հավասարազոր է «պատի վրա դեպի ոչ մի տեղ անցք բացելուն», այնինչ հայկական ու իրանական կողմերը կարևորում են նախագիծը։ Իրենց վերջին ելույթներում անդրադառնալով ԵՏՄ զարգացման հեռանկարներին` և՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդիական են համարել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրային համաձայնագրի հնարավոր կնքումը, քանի որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Իրանը պայմանավորվել են մշակել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի հաստատման հնարավորությունները։
«Բոլոր պետությունների կարծիքով` Իրանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի հեռանկարի կնքման նպատակահարմարությանն ուղղված բոլոր ուսումնասիրություններն արդիական են։ Դա թույլ կտա միության անդամներին դուրս գալ արտաքին շուկաներ և հասանելիություն ստանալ Միջին Արևելքի կարևորագույն տարանցիկ երթուղիների նկատմամբ… Խոսելով Իրանի հետ համագործակցության մասին` հարկավոր է ուշադրություն դարձնել նաև Իրանի հետ Հայաստանի և Պարսից ծոցի մյուս երկրների տարածքներով անցնող ԵՏՄ երկրների լոգիստիկ հանգույցի նախագծերի համատեղ առաջխաղացման և իրականացման թեմային»,- ասել էր Աբրահամյանը։
Իրան-Հայաստան երկաթգիծն արդիական նախագիծ էր համարում նույն ինքը` Յակունինը, մեկ տարի առաջ։ «Այդ տեսանկյունից այս հարցը բավականին արդիական է, այդ թվում` հանրապետության նախագահի կարծիքով։ Ամենայն հավանականությամբ, մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի և Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցի վրա»,- ասել էր Յակունինը։
Վերջինս նաև նշել էր, թե այդ հարցը դուրս է միայն երկաթուղային տրանսպորտի ոլորտից, խոսքը հարցի քաղաքական կարգավորման մասին է։ Սակայն այսօր Յակունինը խոսում է աննպատակահարմարության մասին, այնինչ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության ֆոնին ևս այս ծրագիրը պետք է որ հետաքրքրեր նաև Ռուսաստանին` առաջ մղելով Իրան-ԵՏՄ անդամ երկրներ կապը։ Թեև չի բացառվում, որ Յակունինը պարզապես առաջնորդվում է պրոյեկտի տնտեսական նպատակահարմարության դիրքերից, ինչը կասկածի տակ է աբխազական երկաթուղու շուրջ քաղաքական կոնսենսուսի բացակայության պայմաններում։ Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական Российские железные дороги» (РЖД) ընկերությանը։ 2008 թվականի փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության և РЖД-ի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի` Հայաստանի երկաթուղային ցանցը` իր շարժական և անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը։
«168 Ժամի» հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ, եթե հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա երկաթգծի կարևորությունը Հայաստանի, Իրանի և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար` երկաթգծերը կառավարողը չէ, որ պետք է գնահատի։ Ըստ նրա` կառավարողն առավելագույնը կարող է խոսել դրա տնտեսական նպատակահարմարության մասին, բայց ոչ երբեք` քաղաքական, ռազմավարական, քանի որ հարավկովկասյան տարածաշրջանում բազմաթիվ խոշորածավալ նախագծեր կան, որոնց դեպքում ոչ միայն տնտեսական նպատակահարմարությունն է հաշվի առնվում, այլ նախևառաջ` քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչը։
«Այս առումով ՀՀ պաշտոնատար անձանց հայտնած դիրքորոշումն ուղենշային է։ Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Հայաստանի, Իրանի, ողջ տարածաշրջանի համար ՀՀ-Իրան երկաթգիծը կարևորագույն նշանակություն ունի, թող չափազանցություն չհամարվի, որովհետև նման երկաթգծի գործարկումը և դրա շուրջ աշխատանքներ սկսելը պարզապես զրոյացնելու է ՀՀ-ն շրջափակելու թուրք-ադրբեջանական բոլոր ջանքերը, այսինքն` այդ փորձերը դառնալու են անիմաստ։ Այս առումով երկաթգիծը Հայաստանի համար շրջափակումից դուրս գալու ելք է, և որևէ կերպ չի կարելի նսեմացնել դրա քաղաքական և տնտեսական նշանակությունը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Դիտարկմանը, թե` կառավարողի կարծիքը կարևոր չէ՞, երբ ներդրումներ են պետք, արձագանքեց` հիշեցնելով, որ Չինաստանը ևս որոշակի շահագրգռություն էր հայտնել «Մետաքսի ճանապարհի» հայտնի ծրագրի վերաբերյալ, ու չի բացառվում ներդրում հենց այդ երկրի կողմից։ «Կուզեի կրկնել, որ այստեղ խնդիրը ոչ այնքան տնտեսական բաղադրիչն է, այլ այն հանգամանքը, որ այդ երկաթուղին կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և Հայաստանը դարձնում է բոլորովին այլ մակարդակի երկիր։ Մեր պաշտոնական տեսակետը ՀՀ պաշտոնյաների կողմից արտահայտվող տեսակետներն են, և պարոն Յակունինը կարող է միայն իր սեփական կարծիքը հայտնել, անշուշտ»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Մեզ հետ զրույցում Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ տեսականորեն Իրան-Հայաստան երկաթգիծը կարող էր լավ պրոյեկտ լինել, եթե չլինեին տնտեսական խնդիրներ, տարաձայնություններ ԵՏՄ-ում և չկարգավորված հարաբերություններ Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Այս իրողությունները, նրա համոզմամբ, իսկապես կասկածի տակ են դնում նախագծի հեռանկարները և այդ պրոյեկտի վրա ներդրումներ անելու նպատակահարմարությունը։ Սիմոնովի համոզմամբ` սա բացառապես քաղաքական խնդիրներին առնչվող հարց է և պետք է կարգավորվի քաղաքական մակարդակում, քանի որ պարզ չէ, թե երկաթգծի ենթակառուցվածքներն ինչպես կարող են հասնել ԵՏՄ տարածք։ «Պետք է նաև չմոռանալ, որ ԵՏՄ հեռանկարները ևս այսօր կասկածի տակ են, և Ռուսաստանին սպառնում են նորանոր պատժամիջոցներով, իսկ դա արդեն լուրջ խնդիր է Ռուսաստանի համար, և այսօր ծախսերը պետք է մտածված լինեն»,- նշեց Կոնստանտին Սիմոնովը։
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ է։ Այն պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզով։ Այդ ճանապարհն ամենակարճ ուղով կկապի Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ։ Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է 2013թ. սկզբին։ Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայան։ Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար։ Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ, և այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ։