Դավիթ Սահակյանցը կնկարահանի «Օլիմպիոնիկ» լիամետրաժ մուլտֆիլմը
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այս պահին աշխատում է նոր անիմացիոն ֆիլմի վրա: Սկսվել են «Օլիմպիոնիկ» լիամետրաժ մուլտֆիլմի աշխատանքները, որը, ըստ ռեժիսորի, կտևի 3-4 տարի: Ֆիլմը պատմում է Վարազդատ արքայի 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին: Թեմայի ընտրությունը պատահական չէ՝ կարևոր պատմական փաստ, ևս մեկ առիթ՝ աշխարհին հիշեցնելու, թե որ ժամանակներից է սկսվում մեր պատմությունը: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Սահակյանցը նշեց, որ ֆիլմը ՀՀ մշակույթի նախարարության պատվերն է, իսկ «Շարմ» ընկերությունը ֆիլմի ստեղծմանը կմասնակցի՝ որպես պրոդյուսերական գործընկեր: Դ. Սահակյանցը նշեց, որ առաջիկա 3 -4 տարիներին զբաղված կլինեն միայն նոր սկսվող ֆիլմի աշխատանքներով, իսկ վերջերս ավարտել են Վրթանես Փափազյանի «Կլոր Աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները:
Դավիթ Սահակյանցը նշեց, որ մոտ ժամանակներս կներկայացնեն «Օլիմպիոնիկ» լիամետրաժ մուլտֆիլմի մասին մանրամասները: