Ինչից է վրա հասել կուրսանտի մահը

Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման` հայտնել են, որ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Քննության ընթացքում ստացվել է Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` վերջինիս մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից` պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով: Հ. Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արնազեղում, ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածք` շրջակա փափուկ հյուսվածքների արնազեղմամբ, թոքերի էմֆիզեմա, կետավոր արնազեղումներ էպիկարդի և ընդերային թոքամզի տակ, արյան հեղուկ վիճակով, սրտի աջ կեսի գերարյունություն և տվյալ մահվանը բնորոշ կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ:

Բացի այդ, փորձագետներն արձանագրել են նաև պարանոցի 1/3-ի եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույնի, ներքևից վերև, առջևից հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որն առաջացել է կոշտ մակերես ունեցող բութ առարկայի հետմահու ներգործությամբ, կախելու ընթացքում, որպիսին կարող է հանդիսանալ Հ.Բարսեղյանի պարանոցին գցված օղը, և ելնելով դիակային բծերի տեղակայումից` վերջինս կարող էր կախված մնալ մոտ 8-10 ժամ»,- ի պատասխան մեր հարցման` հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 զինծառայողների՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել: Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին:

ՀՀ քննչական կոմիտեն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր. «Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա.Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին»: ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքներով բաժնում Արտյոմ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել` հանցակազմի բացակայության հիմքով:

Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից մաս էր անջատվել նաև առանձին վարույթ. քրեական գործով Ա. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 28.01.2015թ. ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո, ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել և քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Քրեական գործն ուղարկվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Ա. Մարտիրոսյանը միջնորդել էր գործը քննել դատական քննության արագացված կարգով՝ հայտարարելով, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Դատարանի վճռով՝ Ա. Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` կալանք 2 ամիս ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Տեսանյութեր

Լրահոս