«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիկյանի՝ Ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմով
«Ոսկե Ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 12-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը: Փառատոնն այս տարի կներառի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեծ ծրագիր, Հայաստան կայցելեն աշխարհահռչակ կինոգործիչներ, կնշվեն հոբելյաններ: Փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այս ամենից զատ՝ կարևորում է նաև երևանյան ևս մեկ՝ «Հայաստան» կինոթատրոնի նորամուտը, որը, իր կարծիքով՝ մեծ դեր պիտի ունենա ոչ միայն՝ քաղաքի, այլև՝ թաղամասի մշակութային կյանքի նորացման գործում:
Փառատոնին ընդառաջ զրուցեցինք Հարություն Խաչատրյանի հետ, ով պատմեց այս տարվա ծրագրերի, սպասվող հյուրերի և այս պահին գրասենյակի ակտիվ աշխատանքային տրամադրությունների մասին:
– Պարոն Խաչատրյան, հայտնի է, որ «Ոսկե Ծիրանն» ամեն տարի ներկայանում է նոր նշանաբանով: Ի՞նչ ուղերձ ունի այս տարվա փառատոնը:
– Փառատոնի այս տարվա նշանաբանը կապված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ «Այլևս երբեք»:
– 100-ամյակին նվիրված հատուկ ծրագրեր կա՞ն:
– Այո, կներկայացնենք միանգամից երեք ծրագիր՝ Հայոց ցեղասպանության մասին նկարահանված ֆիլմեր՝ հավաքված ամբողջ աշխարհից, որին կմասնակցեն նաև ֆիլմերի ռեժիսորները: Պատրաստում ենք նաև աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին պատմող ծրագիր՝ համապատասխան ֆիլմերով, ինչպես նաև՝ «Երախտիքի տուրք» ծրագիրը, որ կներկայացնի ֆիլմեր այն երախտավորների մասին, ովքեր այդ ողբերգական տարիներին օգնության ձեռք են մեկնել հայերին` լինի նորվեգացի, իսլանդացի, ամերիկացի թե ճապոնացի:
– Բացի ավանդական ծրագրերից, ի՞նչ նորություններ սպասենք այս տարի:
– Նորություն կա: Նախատեսել ենք «Ֆոկուսներ» ծրագիրը՝ կենտրոնացում վերջին տարիներին մեծ հաջողություններ գրանցած որևէ երկրի կինեմատոգրաֆին: Այս կոնտեքստում կներկայացվի ֆրանսիական և գերմանական կինոն:
– Հոբելյանական ծրագրեր կա՞ն:
– Իհա՛րկե: Ունենք բուլղարական կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր, և, որպես առանձին ծրագիր՝ նշելու ենք «Նամուս» ֆիլմի 90-ամյակը: Նախատեսված են նաև Հենրիկ Մարգարյանի, Հենրիկ Մալյանի, Լևոն Աթոյանցի և իմ անհատական հոբելյանները:
– Ովքե՞ր կլինեն 12-ի պատվավոր հյուրերի շարքում:
– Պատվավոր հյուրերի մասին խոսելը վաղ է, որովհետև դեռ բանակցությունների փուլում ենք, բայց, անշուշտ, կան արդեն հրավիրված ռեժիսորներ և այնպիսիք, ովքեր հաստատել են իրենց գալու հրավերը, այդ թվում՝ Քշիշտոֆ Զանուսին, Ռոբ Նիլսոնը, Կիմ Դոն Հոն: Հրավիրել ենք նաև Աբբաս Քիառոսթամիին և Արտավազդ Փելեշյանին՝ «Մենք» ֆիլմով, բայց դեռ վերջնական պատասխան չենք ստացել, հույս ունենք՝ կգան: Պրոցեսը դեռ ընթացքի մեջ է:
– Արդեն հայտնի՞ է՝ ո՞վ է գլխավորելու ժյուրին:
– Այո, գլխավոր ժյուրիի նախագահը Ռոբեր Գեդիկյանն է, բացի այդ, փառատոնը կբացվի վերջերս Կաննի փառատոնին մասնակցած նրա նոր՝ «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմով:
– Ովքե՞ր են աջակցում 12-րդ փառատոնի կայացմանը:
– Հովանավորները, դժբախտաբար, գնալով պակասում են, բայց մեզ հետ են մեր հավատարիմ ընկերներ՝ «ՎիվաՍելը» և պետությունը՝ ի դեմս Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի՝ մեր երեք հիմնական սյուները, որոնց վրա հենված՝ փառատոնը քայլում է առաջ: Գործընկերների առումով այս տարվա լավագույն լուրերից մեկն էլ «Հայաստան» կինոթատրոնի բացումն է, որտեղ մենք մեծ ծրագիր ունենք, ինչպես նաև օգտագործելու ենք Դալմայի և «Մոսկվա» կինոթատրոնները:
– Ո՞ր փուլում են գրասենյակի աշխատանքները:
– Այս տարի մեծ թիմ ենք հավաքել, որովհետև ծրագրերն ընդլայնվել են, հետևաբար՝ մեծացել է աշխատանքի ծավալը: Արդեն լարված աշխատանքի փուլ ենք մտնում, 20-ից ավելի աշխատող ունենք, սկսվել է կամավորների հայտագրման փուլը:
– Որտե՞ղ են նախատեսված փառատոնի «բացման» և «փակման» արարողությունները:
– Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի ևս բացումը կլինի Օպերայի և բալետի թատրոնում, փակումը նախատեսված է «Մոսկվա» կինոթատրոնում: