Մարզերում բնակչությունը պակասում է, Երևանում` ավելանում

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 6700 մարդ։

Նախորդ տարվա ապրիլի 1-ի համեմատ (1 տարվա կտրվածքով) մշտական բնակչության թիվը կրճատվել է 5700 մարդով կամ 0.19%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցից:
Երևանում ապրիլի 1-ի դրությամբ բնակչությունը կազմել է 3 միլիոն 12.4 հազար մարդ։ Նախորդ տարվա ապրիլի 1-ի համեմատ մայրաքաղաքում ապրողների թիվն աճել է 4200-ով կամ 0.39%-ով։

Բնակչության թվով ամենամեծ մարզում` Արմավիրում, մշտական բնակվողների թիվը չի փոխվել և կազմում է 266.8 հազար։

Ինչ վերաբերում է մյուս մարզերին, ապա բնակչությունն աճել է միայն Կոտայքի մարզում։ Աճը չնչին է` 0.04 տոկոս կամ 100 մարդ, ինչի արդյունքում մարզի բնակչության թիվը 254.7 հազարից հասել է 254.8 հազարի։

Մյուս բոլոր մարզերում բնակչությունը պակասել է, ամենից շատ` Լոռու մարզում։ Այստեղ 2015 թվականի ապրիլի 1-ին բնակչության թիվը կազմել է 227.1 հազար մարդ, որը նախորդ տարվա ապրիլի 1-ի ցուցանիշից ցածր է 3000-ով կամ 1.3%-ով։

bab-bnakchutyun

Երևանի վարչական շրջաններից բնակչության թվաքանակի բացասական ցուցանիշ ունի միայն Արաբկիրը։ Այստեղ բնակչության թիվը նվազել է 400 մարդով կամ 0.34%-ով և կազմել 116 հազար մարդ։ Ավանում, Նորք-Մարաշում և Քանաքեռ-Զեյթունում բնակչության թիվը փոփոխություն չի կրել և կազմել է, համապատասխանաբար, 53.1 հազար, 11.9 հազար և 74.1 հազար մարդ։

Մնացած 8 վարչական շրջաններում բնակչության թիվն աճել է։ Բացարձակ թվով ամենից շատ աճել է Նոր Նորքի բնակիչների թիվը` 1100 մարդով, իսկ տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է Նուբարաշենում` 1.03%-ով։
Ամենաշատ բնակչությունն ապրիլի 1-ի դրությամբ ունի Շենգավիթը` 138.5 հազար մարդ, որին հաջորդում են Մալաթիա-Սեբաստիան` 135.3 հազար, և Նոր Նորքը` 129.5 հազար։ Բնակչության թվով ամենափոքրը Նուբարաշենն է` 9800 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս