«Քաղաքական ուժերն ինչքան հեռու մնան այսպիսի պայքարներից, այնքան դա կլինի հօգուտ ժողովրդի»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է` էլեկտրաէներգիայի սակագինն անարդար է բարձրացվում, հետևաբար` պարբերաբար կրկնվող բողոքի ակցիաները կարող են վերածվել բողոքի մեծ շարժման։ «168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետը կարծիք հայտնեց, որ փաստերը ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացարձակ ոչնչով արդարացված չէ։ «Հիմա ուզում են մեզ համոզել, որ դոլարի արժեքի բարձրացման պատճառով է սա արվում, այլ ոչ թե այն բացթողումների և կոպիտ խախտումների հետևանքով, որոնք գրանցվել են հայ էլեկտրացանցերում` դրանք շատ բարձր գներով վարձակալված տներն են, սարսափելի անիրական գներով վարձակալած ավտոմեքենաները, մոտ 60 հազար դոլարի աշխատավարձերն են, և այլն։ Հիմա ուզում են ասել` իբրև թե միայն դոլարի տատանման հետևանքով է գները բարձրացվելու։ Ասեմ, որ դրանք լրիվ սուտ են։ Նույնիսկ 5 դրամով բարձրացումը շեշտակի հարված է սովորական հասարակ քաղաքացիների համար»,- նշեց քաղաքագետը։

Գ. Համբարյանը հիշեցրեց, որ ունենք պրակտիկա, որ հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական ակտիվիստները հասել են բավական մեծ հաջողությունների` պայքարի միջոցով. Դրա վառ օրինակն է տրանսպորտի գնի բարձրացման դեմ շարժումը, նաև կենսաթոշակային ապահովագրության համակարգի դեմ պայքարը. «Այս շարժումն էլ հիմա բավական ակտիվացել է, քաղաքացիական ակտիվիստները և հասարակական կազմակերպությունները, որոնք շատ ակտիվ մասնակցում են` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, հատուկ նշում են, որ իրենք թույլ չեն տա, որ քաղաքական ուժերը հաջողության դեպքում այն վերագրեն իրենց»։

Մեր հարցին` ըստ Ձեզ` քաղաքական ուժերի ներգրավումն այդ շարժման մեջ դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքներ կարող է ունենալ, քաղաքագետը պատասխանեց, որ կոնկրետ քաղաքական ուժերի համար կարող է և՛ դրական լինել, և՛ բացասական։

«Հաղթանակի դեպքում նրանք դիվիդենտներ կշահեն և ժողովրդին կասեն, որ հաղթանակին հասել են նաև իրենց պայքարի միջոցով։ Միևնույն ժամանակ, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական ակտիվիստները կտրականապես դեմ են, որ որևիցե քաղաքական ուժ այս շարժումն օգտագործի իր օգուտի համար։ Ինչքան շատ քաղաքական, առավել ևս` ընդդիմադիր ուժեր ներգրավվեն, այնքան իշխանությունն ավելի կկատաղի, կցանկանա այդ գները բարձրացնել, որպեսզի ցույց տա հասարակությանը, որ ինքը զիջումների չի գնալու քաղաքական ընդդիմադիր կուսակցություններին»,- նկատեց քաղաքագետը։

Կարդացեք նաև

Մեր ճշտող հարցին` այսինքն` քաղաքական ուժերի ներգրավումը կոնկրետ այս դեպքում բացասակա՞ն կլինի, Գ. Համբարյանը պատասխանեց, որ ինքը կարծում է` բացասական կլինի. «Որովհետև, եթե հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխանություններն ավելի զուսպ են և իրոք գնում են զիջումների, որովհետև գիտեն, որ դա հասարակական պահանջ է, ապա քաղաքական ուժերի դեպքում իշխանություններն ինքնըստինքյան կգերադասեն զիջումների չգնալ, որովհետև դա ընդդիմության կողմից կդիտվի` որպես թուլություն, և մեծ հարված կլինի իշխանությունների համար։ Կարծում եմ` քաղաքական ուժերն ինչքան հեռու մնան այսպիսի պայքարներից, այնքան դա կլինի հօգուտ ժողովրդի»։

Հարցին էլ` եթե քաղաքական ուժերը դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը, պետք է ուրիշ ձևերո՞վ պայքարեն դրա դեմ, այլ ոչ թե` ժողովրդին միանալո՞վ, քաղաքագետը պատասխանեց, որ նրանք կարող են պայքարել այնպես, ինչպես դա արեցին տրանսպորտի գնի բարձրացման կամ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի ժամանակ։

«Բայց, իհարկե, մենք շատ լավ տեսանք, որ իրենք ոչ այնքան ռեսուրս ունեին, ոչ էլ հնարավորություններ, ավելի շատ այդ պայքարում հաջողության հասավ հասարակությունը` հենց քաղաքացիական ակտիվիստների և մի քանի հասարակական կազմակերպությունների միջոցով, քանի որ նրանք քաղաքական պահանջներ չեն դնում և հետագայում դա չեն օգտագործում իշխանությունների դեմ։

Եթե հասնում են հաջողության, հանգիստ նստում են։ Իսկ քաղաքական ուժը, երբ պայքարում է իշխանությունների դեմ և հասնում է հաջողության, դա ունենում է իր շարունակությունը, որը դրական կողմով ապահովում է հաղթանակ ընդդիմադիր ուժին և բացասական հետևանքներ է ունենում գործող իշխանությունների համար։ Իսկ մեր գործող իշխանությունները երբևիցե թույլ չեն տա, որ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժ դիվիդենտներ շահի` իր դեմ պայքարելու միջոցով»,- նշեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս