Բաժիններ՝

«Ատոմային ռումբ էլ եմ պատրաստ գցել այդ մարդու գլխին, որը կարգելի ինձ արդարարությունը պաշտպանել». Հայկ Կյուրեղյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց Հայկ Կյուրեղյանը: Վերջինս դատարանից հետարքրրվում էր, թե ինչո՞ւ է իրեն պաշտպան «պարտադրվել»: Դատավորն էլ պարզաբանեց, որ ամբաստանյալը հեռացված է եղել նիստերի դահլիճից, իսկ այդ դեպքում օրենքի պահանջն է՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում Հայկ Կյուրեղյանը հրաժարվեց հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանից, ով լքեց նիստերի դահլիճը:

Հայկ Կյուրեղյանը մեջբերեց մեղադրական եզրակացությունից հատված, ըստ որի՝ ինքը «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված մեքենայի տանիքին»:

Նա նշեց, որ պարզ չէ իրեն առաջադրված մեղադրանքի այն հատվածը, որտեղ նշված է, թե ինքը ցանկացել է իր գերակայությունն ի ցույց դնել: Նա հարցրեց. «Կա՞ նման կատեգորիա, որ երբ մարդը ցանկացել է իր գերակայությունն ի ցույց դնել, դրա համար իրեն պատժում են»: Դրան հետևեց մեղադրողի պատասխանը, ով ասաց, որ եթե նման կատեգորիա չլիներ, ապա Հայկ Կյուրեղյանին մեղադրանք առաջադրված չէր լինի, արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հայկ Կյուրեղյանն այս անգամ էլ հետաքրքրվեց, թե ո՞ւմ նկատմամբ է ցանկացել իր գերակայությունն ի ցույց դնել, ինչին ի պատասխան դատախազն ասաց՝ հասարակության:

Հայկ Կյուրեղյանի հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է դա հիմնավորվում, մեղադրողը պատասխանեց. «Այն կերպ, որ առանձնանալով հասարակությունից, բարձրացել եք ավտոմեքենայի տանիքին, և վանկարկումներ անելով, հայտարարություններ անելով, հասարակության ուշադրությունը բևեռել եք դեպի Ձեր կողմը, որից հետո սկսել եք կատարել Ձեր մյուս գործողությունները, որն իրավաչափ չէ, հասարակության անդամները, մյուսները նման վարքագիծ չեն դրսևորել, այդ կերպ Դուք առանձնացել եք արդեն իսկ հասարակությունից՝ փորձելով Ձեր գերակայությունը, Ձեր անկախությունը ցույց տալ, ի ցույց դնել»:

Հայկ Կյուրեղյանն ասաց, որ եթե դատախազը պնդում է, որ նաև ոստիկանություն նկատմամբ է գերակայություն ի ցույց դրել, ապա ինքը ընդունում է, որ ոստիկանության նկատմամբ ցույց է տվել իր գերակայությունը: «Բայց ոչ թե իմ գերակայությունը, այլ ցույց եմ տվել Հայաստանի արդար, ազնիվ քաղաքացու գերակայությունը ոստիկանության հանդեպ»:

Մեղադրողի հարցին՝ արդյոք իր գերակայությունը փորձել է ցույց տալ միայն ոստիկանների հանդեպ, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Այո, միայն ոստիկանների հանդեպ, միայն անարդարությունը պաշտպանող ոստիկանների հանդեպ: Ոչ թե իմ գերակայությունը, այլ արդարության համար դուրս եկած քաղաքացու գերակայությունը»:

Մեղադրողը հարցրեց՝ արդյոք Հայկ Կյուրեղյանը չառանձնացա՞վ հասարակությունից, երբ բարձրացավ ավտոմեքենայի տանիքին, Հայկ Կյուրեղյանը դրական պատասխան տվեց: Հաջորդ հարցին, թե այդ կերպ ի՞նչ նպատակ էր հետապնդում, նա պատասխանեց. «Նպատակս անարդարությունն ի ցույց դնելն էր»: Հարցին, թե ո՞ր անարադարության մասին էր խոսքը, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Այն անարդարության մասին, որը կատարվում է հաճախակիորեն, ու դրա լավագույն օրինակներից է եղել Շանթի ու ընկներների դատավարությունը»:

Հայկ Կյուրեղյանն ասաց, որ չի ճանաչել այն ավտոմեքենայի սեփականատիրոջը, որի ավտոմեքենայի վրա է բարձրացել, ընտրել է պատահական ավտոմեքենա և բարձրացել դրա տանիքին: Մեղադրողի հարցին, թե ինչ մեղավորություն ուներ ավտոմեքենայի սեփականատերը, որ նրա ավտոմեքենան վնասեց, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Ես տանիքին բարձրացել եմ ոչ վնասելու նպատակով, ու թե վնաս է պատճառվել մեքենային, ես լիովին պատրաստ եմ փոխհատուցել»:

Մեղադրողը հետաքրքրվեց, թե ոստիկանության աշխատակիցների նկատմամբ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելով՝ ի՞նչ էր ցանկանում ցույց տալ, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Այդ եղանակով ցանկացել եմ ցույց տալ, որ ոստիկանությունը ոչ թե իրականացնում է հասարակությանը պաշտպանելու ֆունկցիա, այլ ընդհակառակը՝ ոստիկանությունն իրականացնում է հանրությանը, հասարակությանը պատժող ֆունկցիա»: Հայկ Կյուրեղյանն ասաց, որ ինքը ցանկացել է իր բողոքն արտահայտել, իսկ ոստիկանները, որոնց «ապօրինի իշխանությունը ցանկացել է դնել՝ այդ դատը պաշտպանելու համար», փորձել են չթողնել բողոքն արտահայտել: Հարցին՝ եթե ոստիկանները չմոտենային, ի՞նչ էր անելու ավտոմեքենայի տանիքին կանգնած, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց, որ բողոքն էր արտայատելու, իսկ թե ինչ կերպ էր դա անելու, ասաց. «Մյուս անգամ, որ դուրս գամ, արտահայտեմ, այդ ժամանակ կտեսնեք»: Հայկ Կյուրեղյանը վստահեցրեց, որ ոստիկանության դեմ ուղղված իր քայլերը չէր կարող սպառնալիք լինել հասարակության անդամների համար. «Ես հասկացել եմ՝ ինչ եմ անում, ում նկատմամբ եմ քայլ անում, և իմ արարքը չէր կարող վնասել որևիցե մեկին»:

Տուժող ճանաչված ոստիկաններից Արայիկ Աբելյանի հարցին՝ որքանո՞վ էր վստահ, որ կրակոցները միայն ոստիկաններին են դիպչելու, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց, որ 100 տոկոսով վստահ է եղել: Տուժողը հարցրեց՝ արդյոք ամբաստանյալը տրամադրվա՞ծ կրակեց իր վրա, երբ ինքը մոտեցավ, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Ցանկացած անձնավորություն, ցանկացած ոստիկան, այս երկրի վրա ցանկացած մարդ, որը կցանականար ինձ թույլ չտալ պաշտպանել արդարարությունը, ես պատրաստ եմ նրան մոտիկից կրակել՝ այդ Ձեր ասած ձևով: Ոչ միայն կրակել, այլև ատոմային ռումբ էլ եմ պատրաստ գցել այդ մարդու գլխին, որը կարգելի ինձ արդարարությունը պաշտպանել»: Տուժողի հարցին՝ ի՞նչ արդարություն էր պաշտպանում, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Պաշտպանում էի արժանապատիվ քաղաքացու արդարությունը, որոնց դատում էր այս դատարանը»:

Մյուս տուժող Սամսոն Ղարիբյանն էլ հետարքրքրվում էր՝ արդյոք Հայկ Կյուրեղյանն ունե՞ր նման սցենար, թե դա իրավիճակում կատարվեց: «Ես սցենար ունեի պաշտպանելու քաղաքացիներին, որոնց դատարնը պատժում է անհիմն ու անարդացիորեն»,- պատասխանեց Հայկ Կյուրեղյանը:

Դատարանը կրկին հեռացրեց Հայկ Կյուրեղյանին՝ պատճառաբանելով անհարգալից վերաբերմունքը, և որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավվել: Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 4-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս