Ռուսաստանը դեմ է «երկու աթոռի վրա նստելու»՝ Հայաստանի փորձերին
«ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունն ու ԵՄ-ի հետ մերձեցումը հնարավոր է համադրել և ներկայումս էլ համադրվում է, կարևորն այն է, թե որ ոլորտներում ինչ առաջնահերթություններ են նախանշվում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվավերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած դիտարկումներին, թե ՌԴ-ն ողբերգություն չի համարում իր հարևանների և ԵՄ-ի մերձեցումը, և Ռիգայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ՀՀ եվրոպական օրակարգն առաջնահերթություն է մնում, և Հայաստանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ:
Հարցին` հաշվի առնելով Լավրովի դիտարկումները, կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն այլևս դեմ չէ, որ Հայաստանը համադրի աշխարհաքաղաքական «երկու աթոռները», նա նշեց, որ «երկու աթոռի վրա նստելը» միայն հայաստանյան մեկնաբանություն է: Նա նշեց, որ նույն Ռուսաստանը վարում է քաղաքականություն, որը Հայաստանում անվանում են բազմավեկտոր: «Գլխավորն այն է, թե որ ոլորտում է Հայաստանը համագործակցում Եվրոպական միության հետ: Ռուսաստանի տնտեսական գործընկերը Եվրոպական միությունն է, գլխավոր մաքսային գործընկերը ՄՄ անդամ երկրներն են, գլխավոր ռազմական գործընկերները ՀԱՊԿ անդամ երկրներն են: Հենց այդպես էլ յուրաքանչյուր երկիր իր համար պետք է հստակեցնի, թե ինչպիսի դերակատարություն իր համար ունի Եվրոպական միությունը: Դեռևս «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որին միացել է Հայաստանը, օգտագործվում է Հայաստանի կողմից մաքուր քաղաքական իմաստով, և չնայած ԵՄ ուղիղ պահանջներին՝ Հայաստանը չի իրականացնում իր պարտավորությունները:
Օրինակ` ՀՀ-ն չի փակում Ատոմային էլեկտրակայանը, իսկ դա հանդիսանում է ԱլԳ կետերից մեկը: Ուստի, ես կարծում եմ, որ ԵՄ-ի հետ կետային երկխոսությունը պահպանելու նպատակով Հայաստանը շարունակում է մնալ ԱլԳ-ում»,- պարզաբանեց Մոդեստ Կոլերովը: Վերջինիս համոզմամբ՝ ԵՏՄ անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ինտեգրացիան համադրելի են որոշակի սահմանափակումներով: «Արտաքին առևտրային հարաբերություններ Հայաստանը կարող է ունենալ ԵՄ-ի հետ, արդեն կա նման համագործակցություն, և դա հնարավոր չէ փոխել, բայց անցում՝ դեպի ազատ առևտրի գոտու չափանիշներին ԵՄ-ի հետ, արդեն հնարավոր չի լինի, քանի որ դա հակասում է Եվրասիական տնտեսական միությանը: Նույնկերպ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար կլինի, քանի որ Հայաստանն այլևս ՀԱՊԿ անդամ է»,- ասաց Մոդեստ Կոլերովը: