Բաժիններ՝

«Չենք կարող թույլ տալ, որ բնական մենաշնորհը սնանկ ճանաչվի». Միքայել Մելքումյան

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգիայի թանկացման համար ՀԷՑ-ի ներկայացրած հայտի շուրջ: Ինչպես ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, կարելի է լուծում տալ էներգետիկ համակարգի խնդիրներին, դրա համար պետք է արտադրողներից մինչև սպառող արտադրական շղթան առողջացնել:

«Անառողջ իրավիճակ է ստեղծվել: Խոսքը այն կորուստների մասին է, որի հետևանքով ՀԷՑ-ը չի կարողանում վճարել աշխատավարձ ու չի կարողանում էլեկտրաէներգիայի դիմաց վճարել: 24 մլրդ դրամի մեջ է խնդիրը, որ կարողանա բնականոն գործունեություն ապահովի: ՀԷՑ-ը չպետք է պատասխան տա արտադրող կայանների համար»,- հայտարարեց Մ.Մելքումյանը:

Ըստ նրա՝ ՀԷՑ-ը 80 մլրդ դրամի փոխառու միջոցներ է վերցրել, որի տոկոսադրույքները մտնում են այդ 24 մլրդի մեջ և հիմք են սակագնի բարձրացման համար: Միաժամանակ, Մ.Մելքումյանի խոսքով, սակագնի բարձրացումը բյուջեին տալու է լրացուցիչ 5.5 մլրդ դրամ. «Ինչո՞ւ այդ փողը գնա բյուջե, ոչ թե սոցիալական փոխհատուցմներին: Համաչափ փոխհատուցում պետք է իրականացվի»:

Պատգամավորի խոսքով՝ սակագնի հիմքում կորուստը 11% է դրված, բայց իրականում 13% է, և ամեն մի մեկ միավորը 4-5 մլրդ արժե:

«Չենք կարող թույլ տալ, որ բնական մենաշնորհը սնանկ ճանաչվի, սա մեր ազատություններին խփող բան է»,- հայտարարեց Մ.Մելքումյանը:

Նա նշեց, որ ՀԷՑ-ը սակագնի բարձրացման համար նույն հիմնավորումներն է բերում, ինչ նախորդ տարիներին՝ սակավաջրություն, ԱԷԿ-ի չպլանավորված կանգ և այլն:

ՀԷՑ-ի իրականացրած շռայլ ծախսերի, թանկարժեք մեքենաների, բարեգործությունների մասին Մ.Մելքումյանը հայտարարեց, թե չի տեսել այդ մասին որևէ փաստաթուղթ, բայց հավելեց, թե եթե անգամ այդ մեքենաները վաճառվեն, ֆինանսական ճեղքվածքը չի փակվի:

Ի պատասխան հարցին, արդյոք հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով համագործակցություն ծավալվի քառյակի մյուս ուժերի հետ, Մ.Մելքումյանը տեղեկացրեց, որ հանդիպել են նրանց հետ և, եթե լսումներ լինի, հետո կորոշեն համագործակցության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս