«Տարին բերքառատ է լինելու». Հրաչ Բերբերյան
«Տարին իրոք բարենպաստ էր գյուղատնտեսության համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա նշեց, որ այս տարի սպասվում է ծիրանի կայուն բերք, կլինի արտահանում:
«Բանջարաբուծություն վարակն Արարատյան դաշտավայրում անցյալ տարվա համեմատ դրական է, կարտոֆիլագործության վիճակը շատ լավ է Վարդենիսի տարածաշրջանում, Շիրակի տարածաշրջանում կարտոֆիլը փոքր-ինչ պակասել է, դրան փոխարինել է բազուկը, կաղամբը, գազարը: Արարատյան հարթավայրում ունենք շուրջ 300 հա կարտոֆիլի ցանքատարածքի աճ, որը դրական եմ գնահատում»,- ասաց Հ. Բերբերյանը՝ նկատելով, որ սպասվում է պտղի առատ բերք:
Ըստ նրա՝ տարին բարենպաստ է, ուղղակի գյուղացիները պետք է «աչալուրջ» լինեն, ժամանակին սրսկումներն ու բուժումներն անեն, որ տարբեր հիվանդություններ չվնասեն բերքին:
Խոսելով կարկուտի՝ բերքի վրա ունեցած ազդեցության և հակակարկտային սարքերի արդյունավետության մասին՝ Հ. Բերբերյանը նշեց, որ Բաղրամյանի տարածաշրջանում այս տարի եղավ կարկուտ, բերքը մնացել է, բայց այն արդեն ապրանքային տեսք չունի.
«Այստեղ պետք է ասեմ, որ ես երբեք չեմ ասել, որ պարոն Երիցյանի նախարարությունը վատ է աշխատում, այլ դեռևս 10 տարի առաջ ասել եմ, որ այդ սարքերը Հայաստանում չեն աշխատելու, այդպես էլ կա:
Այդ հակակարտային սարքերը չեն աշխատում, մենք արդեն 10 տարի ասում ենք դրա մասին: Իմ առաջարկն է, որ հակակարկտային ծառայությունը ոչ թե լիկվիդացնեն, այլ բյուջեի ֆինանսավորումից հանեն և անցնեն տնտհաշվարկի: Դա էլ մի ծառայության տեսակ է գյուղացուն, գնացեք հետը պայմանագիր կապեք, երաշխավորեք, որ ձեր սարքերը ժամանակին կկրակեն և էֆեկտիվ կլինեն, որի համար գյուղացին կվճարի, բայց բերքը կորցնելուց դուք պատասխանատու կլինեք դրա համար»: