Բաժիններ՝

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ, «Երևանի պետական համալսարանիշրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ձեր բարձր հովանու ներքո Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ-Աղբյուրի փողոցում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի (այսուհետ՝ Միավորում) կողմից 2007 թվականից իրականացվում է սոցիալական բնակարանաշինության ծրագիր: 2014 թվականի մարտի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Ավան վարչական շրջան այցից հետո հայտարարվեց, որ հաշվի առնելով այն, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին Ծարավ Աղբյուրի փողոցի այս տարածքները խիտ բնակեցվելու են, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ՀՀ ներքին զորքերի զորամասի տեղում քաղաքային պուրակ և մանկապարտեզ կառուցելու հնարավորությունը և հստակ հանձնարարականներ են տրվել պատասխանատուներին նախագծերը վերջնական տեսքի բերելու և աշխատանքները սկսելու համար (քաղաքապետի այցի մանրամասներն ու հայտարարությունը՝ այստեղ.): Ավելին, որպես 55/6 շենքի շահագործումը 1.5 տարով ուշացնելու փոխհատուցում Միավորումը ստանձնել էր իր հաշվին կառուցել ժամանակակից կարուսելներով ու նստարաններով մանկական խաղահրապարակ, որը շենքի շահագործումից 1.5 տարի անց դեռ ոչ մի տեղ չի կառուցվել: Փոխարենը սույն թվականի ապրիլի 14-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդունվում են Ծարավ Աղբյուրի փողոցին առնչվող որոշումներ, որոնք ուղղակիորեն հակասում են Ձեր հանձնարարականին և Երևանի քաղաքապետի վերոնշյալ հայտարարությանը: Այդ որոշումներից պարզ է դառնում, որ պուրակի և խաղահրապարակի համար նախատեսված տարածքի գերակշռող մասը վաճառվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը, որը նախատեսում է իրականացնել լայնածավալ շինարարական աշխատանքներ, մյուս մասն էլ Միավորմանը՝ բազմաբնակարան բարձրահարկ շենքեր կառուցելու համար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության նախագծի բացման արարողությունից հետո լրագրողներին տված իր ճեպազրույցում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ պուրակի կառուցումը նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտից հետո: Սակայն Ձեր պաշտոնական կայքում ս.թ. ապրիլի 16-ին հրապարակված նախագծի մակետի նկարից պարզվում է, որ պուրակի փոխարեն իրականում լինելու է մի փոքրիկ ճեմուղի (նախատեսված շուրջ 23000 քմ-ի փոխարեն ընդամենը՝ 5500 քմ կանաչապատ տարածք) և կառուցվելու են հսկայական շինություններ: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է քաղաքային իշխանությունների խոսքի և գործի անհամապատասխանությունը։

Ներկայումս առկա նորակառույց չորս բազմաբնակարան համալիրները (Ավան 1, Ավան 2, Ավան 3, Ավան 4) հարմարեցված են շուրջ 1200 ընտանիքների համար, ինչը միանշանակորեն հիմնավորում է տվյալ տարածքում պուրակի` կանաչապատ տարածքի, հանգստյան գոտու և խաղահրապարակի անհրաժեշտությունը: Արդեն իսկ բավականին խիտ բնակեցված թաղամասում ևս մեկ բազմաբնակարան շենքային համալիրի կառուցումը իր բոլոր հետևանքներով (ավելացող բնակչություն, տասնյակ մեքենաներ, այդ բարձրահարկի ստվերը հարևան շենքերի վրա և այլն) իրական աղետ է տարածքի բնակիչների համար, հատկապես որ այն իրականացվում է հնարավոր միակ կանաչ տարածքի փոխարեն: Համայնքի բնակիչների ճնշող մեծամասնությունը երիտասարդ, մեծացող ընտանիքներ են, որոնց համար առողջ ու անվտանգ միջավայրի ապահովումը երկրի, այս պարագայում մասնավորապես քաղաքային իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի:

Հաշվի առնելով այս ամենը և հասկանալով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության կողմից նախատեսված նախագծի ու շինարարության հարցում թերևս դժվար լինի որևէ բան փոխել, մենք՝ Ծարավ Աղբյուրի փողոցի սոցիալական բնակարանաշինության ծրագրով կառուցված շենքերի բնակիչներս խնդրում ենք Ձեր աջակցությունը Ծարավ Աղբյուրի փողոցի 55/6 շենքի հարևանությամբ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման որոշումը վերանայելու, դրանց կառուցման համար մեկ այլ վայր ընտրելու, փոխարենը երեխաներին միակ կանաչ միջավայր ունենալու հնարավորությունից չզրկելու գործում:

Ակնկալում ենք Ձեր արդարացի որոշումը տվյալ հարցի վերաբերյալ»:

Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս