Բաժիններ՝

«Էլիտար» գետնանցումների բիզնեսը չզարգացավ

Asparez.am-ըգրում է.  Հետերկրաշարժյան տարիներին Գյումրու գետնանցումները դադարեցին ծառայել իրենց նշանակությամբ` վերածվելով աղբանոցների: Գյումրու քաղաքապետարանը համայնքային բյուջեից հմապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորություն չունենալու պատճառով, գետնանցումները տրամադրել էր անհատների: Վերջիններս պետք է բարեկարգեին այն եւ օգտագործեին բիզնես նպատակով:

Այս ծրագրի շրջանակներում Գյումրիում տարիների կուտակված աղբից ազատվեց երեք գետնանցում: Սակայն բիզնեսը չզարգացավ, այսպես կոչված` «էլիտար» գետնանցումներում: Գետնանցումները վարձակալած քաղաքացիները միայն ծախսում են` եկամուտ չստանալով: Asparez.am-ը փորձեց կապ հաստատել այն անհատների հետ, որոնք վարձակալել են գետնանցումները:

Քաղաքում գործածված եռաթեւ գետնանցումում, որը իրար է միացնում Ալեք Մանուկյան, Գարեգին Նժդեհ փողոցները եւ Անկախության հրապարակը, կա 15 տաղավար, սակայն գործում է` չորսը.

-Ձեռնտու չէ, չի արդարացնում: էդ չորս տաղավարի փողն էլ լույսի ու գետնանցումի վարձ կուդանք,- ասում է այդ գետնանցումի վարձակալ Սահակ Աբրահամյանը:

Վերջինս նաեւ հավաստիացնում է, որ գետնանցումը աղբից մաքրելու եւ վերանորոգելու համար հազարավոր դոլարներ է ծախսել.

-80-90 հազար դոլար եմ ներդրել ու օգուտ չունիմ: Տարեկան չորս հարյուր հազար դրամ քաղաքապետարանին կուդամ..մեկ տաղավարն էլ 30-ից 40 հազար դրամ է, բայց վարձակալող չկա:

Այս նույն գետնանցումի մյուս համասեփականատերը, որը Asparez.am-ին ներկայացավ Սարգիս անունով, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ բիզնեսի այս տեսակը չի զարգանում` կապված երկրի սոցիալտնտեսական վատ վիճակի հետ.

-Ժողովրդի ձեռը փող չկա, աշխատանք չկա, որ առեւտուր էնեն, ըդուր համար էլ տաղավարները վարձող չկա:

Մեկ այլ գետնանցում էլ վերաշահագործման հանձնվեց Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում: Այստեղ գործող ութ տաղավարներից շահագործվում է երկուսը: Սակայն մեկը պատկանում է այն անհատին, որը վարձակալել է բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով: Asparez.am-ին հաջողվեց նաեւ կապ հաստատել այս գետնանցման սեփականատիրոջ` Արտյոմի հետ: Վերջինս եւս եկամուտ չի ստացել, սակայն գետնանցումից հրաժարվել եւս չի պատրաստվում.

-Ես երկարաժամկետ եմ վարձել, բայց վնասով կաշխատիմ: Իմ օգուտը էն է, որ քաղաքի համար ներդրում էղավ` մարդիկ հանգիստ կանցնին:…Հլը չեմ հանձնե, ահագին փող եմ ծախսե, հույս ունիմ, որ մե օրըմ գործերը կլավնան:

Սայաթ-Նովա փողոցի գետնանցումում գործող տաղավարներից մեկի վաճառողը, որը չցանկացավ ներկայանալ, բայց մեզ հետ զրույցում նշեց, որ այստեղ պետք է ապրանքը վաճառել շուկայականից խիստ ցածր գներով.

-Ստեղ ամեն ապրանք չի ծախվի: Մե ժամանակմ հեռախոս դրին, սպասքեղեն, բայց բարձր գներ դրեցին` չծախվավ: Որ էժան էղնի` կծախվի: Մենք օրը միջինը 20-40 հազարի ապրանք կծախենք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս