Բաժիններ՝

Ինչքան գումար է նախատեսվում՝ միս կտրատել սովորեցնելու համար

«Մեր շատ հարուստ փորձով կարող ենք դասագիրք գրել, թե ինչպես անարդյունավետ օգտագործել վարկերը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ հարցը վերաբերում է ֆերմերների կարողությունները զարգացնելուն և ուսուցողական դասընթացներ անցկացնելուն: Զոհրաբյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստում փոխնախարարն անկեղծացել է և բացել փակագծերը, որ սովորեցնելու են ինչպես կտրատել միսը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչքա՞ն գումար է նախատեսված վարկից:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը հայտնեց, որ տեխնիկական աջակցության բաղադրիչը կազմում է ընդհանուր ծրագրի 2%-ը՝ մոտ 150 հազար դոլար. «Խոսքը չի գնում միս կտրատելու մասին, այլ որակի նոր ստանդարտների ներդրման մասին է: Ապրանքը սպառողին հասցնելու մասին շատ մասնագիտական դասընթացներ են լինելու»:

Ըստ Ն.Զոհրաբյանի՝ ժամանակն է, որ մեր խորհրդարանը լուրջ քննարկում հրավիրի ընդհանրապես վարկային այս ծրագրերի խորհրդատվական գումարների մասով. «Տպավորություն է, որ այն կազմակերպությունները, որ տալիս են վարկային գումարները, մեծ ծավալի խորհրդատվական գումարներ են գրում, ու տպավորություն է, որ պլատինե ռամկայում է գրվում, բայց շատ լավ հասկանում ենք, թե որտեղից են գալիս ու ուր են գնում այդ գումարները»:

Պատգամավորը նշեց, որ վարկի արդյունավետության ու մեխանիզմների խնդիր կա. «Մենք հիշում ենք այն անփառունակ օրինակները՝ ինչպես կթել կովը, ցանել կարտոֆիլ, կամ հրավիրեցին աֆրիկյան փորձագետներ, որ հայ գյուղացուն սովորեցնեն աճեցնել ծիրանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս