Գորբաչովը խոստովանել է, որ ԽՍՀՄ-ում հակաալկոհոլային կամպանիան իրականացվել է սխալներով
Ռուսական Комсомольская правда թերթին տված հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոստովանել է, որ 1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում հակաալկոհոլային կամպանիան իրականացվել է սխալներով.
«Կարծում եմ, որ հակաալկոհոլային կամպանիան ամեն դեպքում եղել է սխալ այն տեսքով, որով որ այն անցկացվել է: Դա հանգեցրեց խանութների փակմանը և հատկապես Մոսկվայում: Վիթխարի հերթեր, ինքնաթոր օղու աճ: Խանութներից անհետացավ շաքարը»:
Գորբաչովի կարծիքով` հակաալկոհոլային կամպանիան պետք էր իրականացնել աստիճանաբար. «Անհրաժեշտ էր անցկացնել ոչ թե կամպանիա, այլ` ալկոհոլիզմի դեմ պլանաչափ, երկարաժամկետ պայքար և պետք էր պայքարել անդադար, անընդմեջ»:
Գորբաչովի խոսքեով` ալկոհոլային կամպանիան սկսելը պլանավորվել էր դեռևս Լեոնիդ Բրեժնևի ժամանակ, ինչն անհրաժեշտ էր, քանի որ երկրում համատարած իշխում էր հարբեցողությունը:
Գորբաչովը հավելել է, որ հակաալկոհոլային պայքարը տվել է իր դրական արդյունքները. «Մահացության նվազեցում, ավելի շատ երեխաների ծնունդ:
Հակաալկոհոլային կամպանիայի ընթացքում մահացել է 1.6 միլիոնով ավելի պակաս մարդ, քան` նախորդ տարիներին: Կտրուկ կրճատվեց արտադրությունում, ճանապարհներին դժբախտ պատահարների թիվը»:
Գորբաչովի ժամանակ հակաալկոհալյին պայքարին սկիզբ դրեց 1985 թվականի մայիսի 7-ին ԽՄԿԿ Կենտկոմի «Ալկոհոլիզմի հաղթահարման միջոցների մասին» հանրահայտ հրամանը: Դրա համաձայն` սպիրտային խմիչքները պետք է վաճառվեին միայն ցերեկային ժամեր 14.00-16.00-ին:
Սակայն դրա արդյունքում ալկոհոլի օգտագործումը նվազեց աննշան կերպ, ընդ որում` կտրուկ աճեց ինքնաթոր սպիրտի արտադրությունը, ինչը հանգեցրեց զանգվածային թունավորումների:
Բացի այդ, հակաալկոհոլային կամպանիան կտրուկ հարվածեց ԽՍՀՄ-ի բյուջեին` նրան զրկելով եկամտի զգալի մասից: Զանգվածային դժգոհության կամպանիան և 1987 թվականին սկսված տնտեսական ճգնաժամը ԽՍՀՄ-ի ղեկավարությանը հարկադրեցին լուռ վերջ դնել հարբեցողության դեմ պայքարին: