«Նախագահն ընդամենը մի նպատակ է հետապնդում…». Խոսրով Հարությունյան
Սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսները հիմնականում 2 թեզ են առաջ բերում. մեկը՝ այն, որ այս իշխանություններն ի վիճակի չեն որևէ լավ բան անել, և այն, որ դա նպաստելու է նախագահի և Հանրապետական կուսակցության վերարտադրմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը խոսելով այս երկու թեզերի մասին՝ ասաց, որ ինքն առաջին թեզը միանգամից մերժում է, և ըստ նրա՝ վերջին զարգացումները ևս այդ թեզը հերքում են:
«Ինչ վերաբերում է երկրորդ թեզին՝ ես ձեզ հարց եմ տալիս. 2012 թվականին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» առաջ էին քաշում Սահմանադրական բարեփոխումների հարցը՝ ընդ որում, անցում կատարելով կիսանախագահականից՝ խորհրդարանականին, միակ կուսակցությունը, որ դրա մասին չէր խոսում, Հանրապետականն էր, հիմա ես հարց եմ տալիս՝ բա այն ժամանակ նրանք ինչի՞ մասին էին մտածում, ի՞նչ էին ենթադրում, ինչո՞ւ այն ժամանակ այդ հարցը չէին բարձրացնում»,- հայտարարեց Խ. Հարությունյանը՝ նշելով, որ Հանրապետական կուսակցությունը նախաձեռնեց այն, ինչ ընդդիմադիրներն էին ուզում, և ինքը չի հասկանում, թե ինչու են նրանք հիմա դեմ:
Դիտարկմանը՝ ընդդիմախոսներն ասում են՝ հիմա Սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ, Խ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այսինքն՝ 2012 թվականին ժամանակն էր, 2013 թվականին նախագահական ընտրությունների ժամանակն էր, բայց 2013 թվականի հուլիսին ժամանակը չէ՞ր»: Ի պատասխան դիտակման էլ՝ այն ժամանակ էլ Հանրապետականն էր ասում, որ ժամանակը չէ, Խ. Հարությունյանը նախ՝ նշեց, որ Հանրապետականը երբևէ այդ անցման վերաբերյալ հստակ կարծիք չի արտահայտել, հետո ավելացրեց.
«Նախագահական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանի հիմնական օպոնենտը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր նախընտրական ծրագրում առանցքային էր համարում սահմանադրական բարեփոխումները: Ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը, որը դա չէր կարևորում. համագործակցություն ձևավորելու նպատակով առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նախաձեռնել և ղեկավարել այդ բարեփոխումները: Հիմա ասացեք խնդրեմ, սա քաղաքական ի՞նչ ժեստ անվանենք: Սա մի՞թե համագործակցություն, իր օպոնենտի հետ կառուցողական համագործակցության անթաքույց ձգտում չէ: Այդ քայլից նրանք հրաժարվեցին, բայց արդեն քայլն արված է, եթե արված է դե ֆակտո, Սերժ Սարգսյանն ասաց՝ «լավ, հարգելի օպոնենտներ, ձեզ համար դա շատ կարևոր է, ես պատրաստ եմ գնալ դրան», և որպես հետևողական քաղաքական գործիչ՝ շարունակեց այդ գործը»:
Խ. Հարությունյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը երբեք չի ասել՝ ինքը կողմ է խորհրդարանական կամ կիսանախագահական կառավարման տարբերակին: Ըստ նրա՝ նախագահն ընդամենը մի նպատակ է հետապնդում՝ փորձել իր քաղաքական ընդդիմախոսների հետ այս կերպ ձևավորել համագործակցության հնարավորությունները:
Պատգամավորի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունում ուղղակի զարմացած էին, որ այսպես կոշտ ընդդիմացան այս նախաձեռնությանը. «Եվ այստեղ մեղադրել կամ փորձել այլ մեկնաբանություններ ներկայացնել Հանրապետականի քաղաքական վարքին՝ այն դեպքում, որ ընդդիմությունն ակնհայտորեն իր իսկ խոստումներին դեմ է գնում, բացառությամբ ՀՅԴ-ի, ինձ համար հասկանալի չէ»: