Բաժիններ՝

Միքայել Մելքումյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով դիմել է Հովիկ Աբրահամյանին

ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.Նազարյանին

Անցած երկու տարիների ընթացքում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը, ըստ էության, ստացվում է, որ ավելանում է շուրջ 100 %-ով՝ 30 դրամից հասնելով հավանաբար (հիմք ընդունելով ՀԾԿՀ-ին ներկայացված հայտը) 60 դրամի:

Արդյո՞ք այս գործընթացը բնականոն է, օբյեկտիվ և հիմնավորված:

Կարծում եմ, որ այս հարցն ունի մի քանի պատասխան, սակայն հարցին օբյեկտիվ պատասխան տալուց առաջ նախ և առաջ պետք է արձանագրել, որ պետության դերակատարությունը սակագնի բարձրացումը ծնող պատճառների՝ ժամանակին կանխելու գործում բավականին մեծ է:

Այսօր պետք է առողջացնել էլեկտրաէներգիկական համակարգի ամբողջ շղթան՝ արտադրող կայաններից մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ և մինչև վերջնական սպառող:

Վերջինիս մասով, խոսքը գնում է իրավապայմանագրային հարաբերությունների և սպառողների շահերի պաշտպանության մասին:

Ես համոզված եմ, որ եթե սակագինն այսօր դառնա նույնիսկ 1 կվտ/ժ-ի դիմաց 60 դրամ, նորից մեկ-երկու տարի հետո ծագելու են նույն խնդիրները, քանի որ վերոնշյալ ամբողջ շղթայում չկա արտադրողների, բաշխիչ ցանցի, պետության և սպառողների շահերի օպտիմալ համադրում և բաշխում:

Այսպես, «Էլեկտրաէներգետիկական օպերատոր» ՓԲԸ-ն, որը սահմանում է պետության անունից «ՀԷՑ»-ի համար անհրաժեշտ հասույթի ձևավորման նպատակով (ուստի և սակագնի ձևավորման համար) թե որ աղբյուրից՝  ՀԱԷԿ,    ՋԷԿ-եր և հիդրոէներգետիկ կայաններ, «ՀԷՑ»-ը որքան տարեկան էլեկտրաէներգիա պետք է գնի ըստ համապատասխան ներքին սակագների՝ ՀԱԷԿ-ի համար՝ 11 դրամ, հիդրոէներգետիկայի համար՝ 15-20 դրամ, Հրազդանի ՋԷԿ՝ 31 դրամ, Երևանի ՋԷԿ՝ 21 դրամ, ապա արդյունքում ստացվում է, որ տարբեր պատճառներով վերոնշյալ արտադրող կայանները ավելի նվազ ծավալի էլեկտրաէներգիա են մատակարարում «ՀԷՑ»-ին, որի հետևանքով «ՀԷՑ»-ի ներքին կշռված սակագինն աճում է և նա կրում է կորուստներ: Այսպես՝ 2012-13թթ. սակագնային տարում դա կազմել է 12 մլրդ դրամ, որից պետությունը փոխհատուցել է 2/3-ը, 2013-14թթ.՝ 16.9 մլրդ դրամ, փոխհատուցվել է 1/3-ը և 2014-15թթ. դա կազմել է 9 մլրդ դրամ:

Սակայն հարց է առաջանում, ինչու՞ «ՀԷՑ»-ը պետք է վնասներ կրի արտադրող կայանների թերարտադրության և թերմատակարարման համար: Ուստի՝

1. Արտադրող կայանների կողմից էլեկտրաէներգիայի թերարտադրության արդյունքում ստեղծվել է ՀՀ էներգետիկ ոչ օպտիմալ հաշվեկշիռ (տարիներ շարունակ), ձևավորվել «ՀԷՑ»-ի համար ընդհանուր առմամբ շուրջ 37 մլրդ դրամ պարտավորություն, որի սպասարկման համար «ՀԷՑ»-ի կողմից ներգրավված փոխառու և վարկային միջոցների տոկոսները նույնպես հետագայում լրացուցիչ և արդարացի փոխհատուցման հնարավոր պահանջների ձևավորման հիմք են հանդիսանում, որն էլ իր հերթին հիմք է դառնում սակագների բարձրացման համար:

Ուստի, կարծում ենք, որ այսօր «ՀԷՑ»-ի շուրջ 24 մլրդ դրամի՝ այդ մասով կորուստը պետք է փոխհատուցել, բայց առնվազն՝ ոչ բնակչության հաշվին: Անհրաժեշտ է, որ արտադրող կայանները դա փոխհատուցեն ամեն մեկն իր մասով՝ պետության կողմից առաջարկվող սխեմայով:

  1. Անցած տարիների ընթացքում մեր հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ արտադրական և այլ ձեռնարկությունների կողմից, որոնք ունեն բարձր հզորության էներգետիկ կարողություններ (պաշարներ) էլեկտրաէներգիայի սպառման ծավալը 2-3 անգամ կրճատվել է: Խոսքը գնում է 6 (10), 35 և 110 կիլովոլտ հզորությունների մասին:

Սակայն, ըստ էության, «ՀԷՑ»-ը շարունակում է սպասարկել այդ թերբեռնված հսկայական ոչ արդյունավետ էներգետիկ հզրությունները, որի հետևանքով էապես իջել է «ՀԷՑ»-ի բեռնվածությունը և սպասարկման ու շահագործման ծախսերի արդյունավետությունը:

Սակայն այդ թերբեռնված հզորությունների և չօգտագործված, բայց, ըստ էության, պատվիրված և առկա էներգետիկ կարողությունների ռիսկերը փոխհատուցվում և տարածվում են ներկայումս գործող էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա:

Հարց է առաջանում, ինչու՞ պետք է բնակչությունը կիսի ձեռնարկությունների չօգտագործվող էներգետիկ հզորությունների ռիսկը:

Դա արդարացի չէ:

Ուստի, ես առաջակում եմ, որ 6 (10), 35 և 110 կիլովատ հզորությունների օգտագործման դեպքում սահմանել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման այնպիսի մեթոդաբանություն, որտեղ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարներին գումարվի նաև հզորության վճարը՝ ամսական կտրվածքով դրամ/կվտ/ժամ + դրամ/կվտ/ամիս:

Անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ մեթոդաբանությունն ամբողջությամբ:

Էլեկտրամատակարարման ծախսերի ձևավորման վրա ազդում են մի շարք գործոններ՝ սպառման ռեժիմները, մուտքային լարումը, միացված առավելագույն հզորության օգտագործման աստիճանը, ռեակտիվ հզորությունը: Դրանց հետևանքով նաև ձևավորվում են հաստատուն և փոփոխուն ծախսեր, որոնց օպտիմալ համադրման հետևանքով միայն կարելի է ձևավորել սակագինը՝ ըստ հասցեական սպառողական խմբերի:

Վերոնշյալ ծախսերի հաշվառման հիման վրա էլ պետք է կազմել էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը, բաշխել ցանցերի ամբողջական բաղադրիչներով՝ հիմնված սպառողական խմբերի սպառման և կորուստների ծավալների վրա:

Այս դեպքում սակագնի ձևավորումը կլինի արդար:

  1. Ամսական մինչև 200 կվտ/ժամ էլեկտրաէներգիա սպառող քաղաքացի բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ: Դա է պահանջում նաև էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման առաջարկվող մեթոդաբանությունը՝ ըստ փուլերի, որտեղ առկա են՝
  • անհրաժեշտ հասույթի ծավալը,
  • ծախսերի դասակարգումը,
  • սպառողական խմբերի ձևավորումը,
  • ծախսերի բաշխումն ըստ սպառողական խմբերի,
  • սակագնի հաշվարկն ըստ սպառողական խմբերի:

Ի դեպ, սակագնի ձևավորման գործող մեթոդաբանությունը սահմանվել է դեռևս 2002 թվականին:

  1. Էլեկտրաէներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոցառումներից է կորուստների կտրուկ նվազեցման ապահովումը: Ներկայումս, փաստացի կորուստները համակարգում կազմում են 12.7%՝ սակագնով նախատեսված 11.2 %-ի փոխարեն: 1% կորստի նվազեցումը համարժեք է շուրջ 5 մլրդ դրամի խնայողության: Հստակ է, որ մի կողմից փաստացի կորուստներն են մեծ, մյուս կողմից՝ սակագնով նախատեսված 11.2 % կորուստները նույնպես հիմնավորված չեն: Այն, առավելագույնը կարող է լինել 5-7%, ինչպես բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում:

Պետք է ներդրումներ իրականացնել կորուստների նվազեցման ուղղությամբ, որը չի կատարվում:

Կորուստների նվազեցման պահանջը պետք է ձևակերպվի սակագնի ձևավորման մեթոդաբանության մեջ, իսկ բեռը ընթացիկ փուլում բաշխվի այն առևտրային կազմակերպությունների միջև, որոնք ձևավորել են «ՀԷՑ»-ի այսօրվա ֆինանսական ճեղքվածքը: Խոսքը թերարտադրված էլեկտրաէներգիայի մասին է: Այդ հարցին կարող է լուծում տալ պետությունը՝ հայթայթելով փոխառու միջոցներ կորուստների նվազեցման համար կոնկրետ պայմաններով: Օրինակ,    ՀՀ-ում կան  1,070 մլն էլեկտրաէներգիայի հաշվիչներ, որոնց մի մասն է էլեկտրոնային: Եթե հաշվիչների գերակշիռ մասն է դառնում էլեկտրոնային, ապա կորուստների ծավալը 12.7%-ից կարող է իջնել մինչև 6-7%:

Կարծում եմ, ժամանակն է տեխնոլոգիապես, տնտեսագիտորեն և կառավարչական տեսանկյունից կարգ ու կանոն սահմանել էներգետիկ ամբողջ համակարգում և խնդիրների լուծումը տարիներով չհետաձգել:

Ժամանակն է նաև անցնել էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման նոր մեթոդաբանության:

ՀՀ ԱԺ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս