Հրադադարի պայմանագրով հաջողվեց խուսափել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից, ինչը ձեռքբերում էր. Մանվել Սարգսյան
Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21-րդ տարին: 21 տարի առաջ այս օրը կնքվեց մի պայմանագիր, որով ազդարարվեց պատերազմական գործողությունների ավարտը Լեռնային Ղարաբաղում: Հրադադարի պայմանագիրը մայիսի 9-ին ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովը, մայիսի 10–ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, իսկ մայիսի 11–ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Ս. Բաբայանը։ Չնայած 21 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրին` հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակահերթերը չեն դադարել:
168.am-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն ասաց, որ հրադադարի ստորագրումից առաջ ստեղծվել էր մի վիճակ, երբ հակամարտող երկու կողմերում էլ հավասարակշռություն էր, երբ կար գիտակցում, որ զինադադար պետք է հաստատել, բայց ոչ ոք չգիտեր` ի վերջո, որքան այն կշարունակվի: Ըստ Մանվել Սարգսյանի` փաստորեն զինադադարը բավականին երկար տևեց, բանակցային գործընթացն էլ զուգահեռաբար շարունակվեց, ինչը. նրա գնահատմամբ, դրական էր:
«Բայց իրականում մի էական խնդիր կա, որի մասին պետք է խոսել, դա այն է` ինչ պայմաններում է հաստատվել զինադադարը, որովհետև այն ժամանակ տարբեր տեսակետներ կային: Ռուսաստանը փորձում էր իր զորքերը՝ որպես խաղաղապահներ, տեղակայել ԼՂ-ում, և անգամ համոզել էր ԵԱՀԿ-ին, քաղաքական պայմանագիր պետք է ստորագրվեր, և տեղակայվեին զորքերը, սակայն դա չհաջողվեց: Այն ժամանակ Հեյդար Ալիևն էլ էր մտածում, թե զինադադարի քաղաքական և ռազմական պայմանները որոնք են, և այդ հարցով փորձեց ՆԱՏՕ-ին դիմել, ՆԱՏՕ-ն չմիջամտեց, որովհետև արդեն այդ ժամանակ կարծես թե ՌԴ-ի հետ լարվածություն կար: Ի վերջո, այս պայմանները դրվեցին և չտեղակայվեցին խաղաղապահներ»,- հիշեցրեց Մանվել Սարգսյանը` դա մեծ ձեռքբերում որակելով հայկական կողմերի համար:
Նրա համոզմամբ, եթե հակամարտության գոտում խաղաղապահ զորքեր տեղակայվեին, ապա դժվար կլիներ ասել` ինչ քաղաքական ռեժիմ կստեղծվեր, ինչ զարգացումներ կլինեին Լեռնային Ղարաբաղում: Սակայն, ըստ Սարգսյանի, զորքեր չտեղակայվեցին և հաջողվեց թե՛ ԼՂ պետական կառույցները զարգացնել, թե՛ հզորացնել բանակը: «Այս ամենը կարող էր չլինել, եթե տարածքում զորքեր լինեին: Մնացած խնդիրները` ինչպես հակամարտությունը կհանգուցալուծվի, արդեն քննարկումների խնդիր է, տարբեր տեսակետներ կան, փաստն այն է, որ բանակցային գործընթացում որևէ լուրջ առաջընթաց չկա, բայց ՄԽ-ն կարողացել է մի գործառույթ իրականացնել` քաղաքական լծակ է եղել երկու երկրների նկատմամբ»,- նկատեց Մանվել Սարգսյանը:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հակամարտության գոտում լարվածությունը չի մարում խաղաղապահներ տեղակայելու՝ Մոսկվայի ցանկության պատճառով` Մանվել Սարգսյանն արձագանքեց՝ ասելով, որ Ռուսաստանում այսօր բոլորովին այլ իրավիճակ է: «Այն ռազմական մեխանիզմը, որը կարողացավ գործի դնել Ռուսաստանը Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, այսինքն` տեղակայել զորքեր, այստեղ չի անում, որովհետև այլ քաղաքականություն է վարում` ելնելով ստեղծված իրավիճակից. թեժ է պահում հակամարտության գոտին, օգտագործում է շփման գիծը, այսպես է նա փորձում իր վերահսկողության տակ պահել իրավիճակը: Չեմ կարծում, որ Ռուսաստանը ցանկանում է զորքեր տեղակայել, քանի որ այլ քաղաքականություն է որդեգրել, որը նոր քաղաքական տեխնոլոգիա է, և չի բացառվում, որ դրա նպատակը նույնիսկ ռուսներին հայտնի չէ»,- ասաց Մանվել Սարգսյանը: