Բաժիններ՝

«Մենք թեթևացնում ենք գործատուի և աշխատողի հարաբերությունները». Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

Օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Ազգային ժողովին է ներկայացրել նոր նախագիծ, որը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքին: Այդ նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ անել Աշխատանքային օրենսգրքում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց նախագծով նախատեսվող փոփոխություններից որոշ կետեր՝ ընդգծելով, որ Կառավարությունն արդեն արժանացրել է նախագիծը հավանության, և այն ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը: Նրա խոսքով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ նախագիծը դրվել է հանրային քննարկումների, և քննարկումներին մասնակցել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև՝ անհատ փորձագետներ և մասնագետներ: «Նախագիծը նաև ներկայացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագիտական եզրակացությանը, մենք մոտ օրերս նաև սպասում ենք փորձագիտական եզրակացության արդյունքներին»,- ասաց Թ. Ավետիսյանը:

Նա նշեց, որ նախատեսվող փոփոխությունները կարելի է 2 խմբի բաժանել՝ Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներին լուծումներ և Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին և վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի դրույթներին համապատասխանությանը վերաբերող փոփոխություններ:

Խոսելով այդ փոփոխություններից մի քանիսի մասին՝ Թ. Ավետիսյանը նշեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ աշխատանքի ընդունվողների համար գործատուի՝ աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը հանվելու է. «Միջազգային փորձն ենք վերլուծել, և շատ քիչ երկրներ են, որ դեռևս պահում են աշխատանքային գրքույկի ինստիտուտը: Դա աշխատանքային հարաբերություններում ավելորդ գործընթաց է: Դա ոչ պիտանի գործընթաց է՝ թե՛ աշխատողի, թե՛ գործատուի համար: Մենք թեթևացնում ենք գործատուի և աշխատողի հարաբերությունները»:

Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է «մասնագիտական ստաժ» հասկացությանը: «Հստակ սահմանվել է, որ մասնագիտական որակավորում ստանալուց հետո այդ մասնագիտությամբ աշխատանքային գործընթացի մասնակցումը հաշվվում է՝ որպես ստաժ»,- ընդգծեց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը նախատեսվել է ամրագրել աշխատանքային պայմանագրում. «Ունենք ամենամյա արձակուրդ, որի նվազագույն չափը 20 աշխատանքային օրն է: Բայց շատ հաճախ աշխատողները և գործատուները չեն տիրապետում իրենց արձակուրդի իրավունքին, և սրա իրացման տեսանկյունից այս լրացումները շատ կարևոր են»:

Նշենք նաև, որ սահմանվել են մինչև 14 տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները, վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու՝ գործատուի իրավունքը:

Լրագրողներից մեկի հարցին՝ մենք այսօր էլ Աշխատանքային օրենսգրքով ունենք լավ գրված օրենքներ, բայց իրականում ոչ բոլոր դեպքերում են դրանք կիրառվում, ի՞նչ քայեր եք ձեռնարկում, որ այդ լավագույն գրված օրենքները գոնե մեծամասնությամբ կյանքի կոչվեն և կիրառելի լինեն, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետն այսպես պատասխանեց.

«Ես՝ որպես Աշխատանքի զբաղվածության վարչության պետ, կոնկրետ իրավական ակտերի և նախագծերի մշակման իրավասություն ունեմ և ներկայացնում եմ այն, ինչը մեր աշխատանքի արդյունքն է: Իսկ թե ինչպես պետք է արվի, կարծում եմ՝ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ պետական հսկողություն, վերահսկողություն, տարբեր պետական մարմինների կողմից այսօր իրականացվում է նաև տեսչական բարեփոխումների գործընթաց մեր երկրում, որտեղ հստակ ռիսկերի հիման վրա ստուգումների համակարգ է ներդրվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս