Հաղթանակի 60-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ջորջ Բուշ-կրտսերը Պուտինի կողքին էր. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթում մայիսի 9-ին հրապարակվել է Մայքլ Բիրնբաուի «Մոսկվայի տոնակատարություններում չեն բավականացրել դաշնակիցները» խորագրով հոդվածը, որը կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Շաբաթ օրը Ռուսաստանում անցկացվեցին մասշտաբային տոնակատարություններ` նվիրված հիտլերյան Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 70-ամյակին: Դրանք իրենցում ներառել են գրեթե ամեն ինչ` 16.000 զինծառայողների մասնակցությամբ զորահանդես, վետերաններին շքանշանների շնորհում և այլն:
Սակայն անկարելի է չնկատել ԽՍՀՄ-ի ու արևմտյան երկրների համատեղ հաղթանակին նվիրված տոնական միջոցառումներին այն ժամանակվա դաշնակից երկրների առաջնորդների բացակայությունը:
Ուկրաինայի հակամարտության մեկնարկից մեկ տարի անց, որն Արևմուտքի կարծիքով թեժացվում է Ռուսաստանի կողմից, Կարմիր հրապարակի տրիբունաները լեցուն են եղել միայն այն երկրների ներկայացուցիչներով, որոնց քիչ բան է կապում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության զգալի զոհերի հետ:
Տասը տարի առաջ` Հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ Լենինի դամբարանի առջև կազմակերպված միջոցառումների ժամանակ, Ջորջ Բուշ-կրտսերը նստել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին: Իսկ քսան տարի առաջ նախագահ Բիլ Քլինթոնը ժամանեց Մոսկվա, և դա զգացմունքային այց էր Սառը պատերազմից հետո սկսված ժամանակահատվածում:
Մինչդեռ շաբաթ օրը տրիբունայում առավել պատվավոր հյուրի տեղը բաժին է ընկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որի հետ Պուտինը փորձում է կամուրջներ կառուցել Ուկրաինայի պատերազմի պատճառով Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Իր կարճատև ելույթում, որը նախորդեց ռուսական կրակային հզորության, այդ թվում նաև` բարձրտեխնոլոգիական նոր զրահամեքենաների, հակահրթիռային համակարգերի և անգամ միջմայրցամաքային հրթիռների ագրեսիվ ցուցադրությանը, Պուտինը հայտարարեց, որ իրենք շնորհակալ են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ժողովուրդներին` հաղթանակում ունեցած ներդրման համար.
«Սակայն վերջին տասնամյակներին սկսել են գնալով ավելի հաճախ անտեսել միջազգային համագործակցության բազային սկզբունքները: Մենք տեսել ենք միաբևեռ աշխարհի ստեղծման փորձեր, տեսնում ենք, թե ինչպես է սկսում գերակայել ուժային, բլոկային մտածելակերպը: Այդ ամենը խաթարում է համաշխարհային զարգացման կայունությունը»:
ԱՄՆ-ը մայիսի 9-ի միջոցառումներին ներկայացված է եղել դեսպան Ջոն Թեֆթով, այսինքն` ցածր մակարդակով: Մեծ Բրիտանիան Մոսկվա է ուղարկել Ուինսթոն Չերչիլի թոռանը: Չինաստանն ու Հնդկաստանը միակ խոշոր երկրներն էին, որոնք Ռուսաստան են ուղարկել իրենց ղեկավարներին:
Այդ ամենի հետ մեկտեղ Մոսկվայի տոնականտարություններին ներկա են գտնվել նաև մոտ մեկ դյուժին այլ առաջնորդներ, այդ թվում նաև` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է Մոսկվայի ռազմական հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դնել կիրակի (այսօր), սակայն նա չի ցանկացել ներկա գտնվել շաբաթ օրվա զորահանդեսին:
15 տարի իշխանության ղեկին գտնվելու ընթացքում Պուտինը 1990-ական թվականներին անցկացված ավելի հանգիստ զորահանդեսները վերածել է ռազմական ուժի հզոր ցուցադրության` հիշեցնելով Խորհրդային Միության ժամանակաշրջանը:
Շաբաթ օրը Կարմիր հրապարակով անցան ռազմական ծանր տեխնիկայի մի շարք տեսակներ, որոնք ի հայտ են եկել արդիականացման մասշտաբային ծրագրի արդյունքում, իսկ ռուս ղեկավարները նախօրեին պարծենում էին, որ դրանք պետք է հարուցեն Արևմուտքի մտահոգությունը: Դա մասնավորապես վերաբերվում է «Արմատա» տանկին, որից նրանց խոսքերով` պետք է մեծապես մտահոգվի Վաշինգտոնը:
Երկրորդ համաշխարհային պատերազմը Ռուսաստանում անվանում են Հայրենական Մեծ պատերազմ, ինչն ավելի խորն է ներթափանցում ռուսական ոգու մեջ, քան Արևմուտքի մարդկանց պարագայում է: Խորհրդային Միությունում գրեթե յուրաքանչյուր ընտանիք հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում կորցրել է իր անդամներից մեկին:
Շատ ընտանիքներ, այդ թվում նաև Պուտինի ընտանիքը զրկվել է ողջ սերնդի մեծ մասից: Առկա գնահատականների համաձայն` այդ պատերազի ժամանակ զոհվել է 27 միլիոն խորհրդային քաղաքացի: Այդ վիթխարի թիվը անհամեմատելի է մյուս երկրների կորուստների հետ: Շարքային ռուսաստանցիները Հաղթանակի օրը նշում են Կարմիր հրապարակում հռնդյուն արձակող տանկերից հեռու, նրանք այցելում են գերեզմանոցներ և ծաղիկներ են դնում իրենց ընտանիքի անդամների շիրիմներին:
Շատ վետերաններ մեծ ջերմությամբ են հիշատակում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը և հայտարարում են, որ դա եղել է իրենց ընդհանուր հաղթանակը: Խորհրդային, արևելյան բլոկի ներսում հաղթանակի օրը իմաստային առումով եղել է կարևոր իրադարձություն, սակայն ոմանք դժգոհություն են հայտնել այդ տոնակատարությունների կապակցությամբ` գտնելով, որ դրանք կոչված են թաքցնելու այն փաստը, որ նացիստների դաժանությանը փոխարինելու են եկել կոմունիստական գրեթե կեսդարյա բռնությունները:
Ուկրաինայում, ուր, Կարմիր բանակի շարքերում մարտնչելով, զոհվել են միլիոնավոր զինվորներ, նույնպես անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, սակայն դրանք կենտրոնացած են եղել ճակատամարտերի զոհերի և ոչ թե ժամանակակից ռազմական արդյունքների վրա:
Որպես խորհրդանշական ժեստ` Պյոտր Պորոշենկոն միջոցառումները տեղափոխեց մեկ օր առաջ, որպեսզի այդ ժամկետը նշի Եվրոպայի, և ոչ թե Ռոււսաստանի հետ: Եվ բացի այդ, նա տվյալ պատերազմն անվանեց ոչ թե Հայրենական Մեծ պատերազմ, այլ` Երկրորդ Համաշխարհային պատերազմ, որն Արևմտյան տերմին է»: