Կալցիումի դերը մարդու օրգանիզմում
Կալցիումը կենսածին և կենսական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ տարր է: Տասնութ տարեկանում արդեն մարդու օրգանիզմում կուտակվում է 1 կիլոգրամից ավելի կալցիում, և դրա 99%-ը գտնվում է ոսկրերում ու ատամներում: Մնացած 1%-ը կարևորագույն դեր է կատարում օրգանիզմում. Մասնակցում է արյան մակարդմանը, մկանային (կծկումներ), նյարդային և իմունային համակարգերի գործունեության իրականացմանը: Հետևաբար, եթե մեր օրգանիզմում այդ տարրի անբավարարություն ի հայտ գա, մեզ կսպառնա ոսկրերի փխրունություն, մկանների փայտացում, նյարդային համակարգի գործունեության խանգարում: Կալցիումի անհրաժեշտ քանակի առկայությունը մեզ կփրկի այնպիսի վտանգավոր հիվանդությունից, ինչպիսին հիպերտոնիան է: Հիպերտոնիայով հիվանդներին առաջարկվում է օգտագործել կալցիումով հարուստ սննդամթերք:
Կարող է զարմանալի թվալ, բայց կալցիումը նպաստում է նաև ավելորդ կշռի խնդրի լուծմանը: Երիտասարդ կանանց երկու խմբերում գիտնականների կատարած հետազոտություններից պարզվել է, որ կալցիումով հարուստ սնունդ օգտագործող խմբի աղջիկները չեն գիրանում, և հակառակը՝ մյուս խմբի աղջիկների մոտ տեղի է ունենում ճարպի մեծ քանակի կուտակում, չնայած ընդունած սննդի նույն կալորիականությանը: Այսինքն՝ կալցիումը խանգարում է ավելորդ կշռի առաջացմանը:
Սա դեռ բոլորը չէ. Պարզվել է, որ սննդի մարսման ընթացքում հենց կալցիումն է կապում քարեր գոյացնող աղերը և նպաստում է օրգանիզմից դրանց հեռացմանը: Ստացվում է, որ մեր օրգանիզմը կալցիումով հագեցնող կաթնային դիետան փրկի մեզ միզաքարային հիվանդություններից:
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ ոչ մի կին չի կարող շրջանցել խնդիրներով լի մի ժամանակաշրջան, ինչպիսին կլիմաքսն է: Եվ վտանգավոր խնդիրներից մեկն «օստեոպորոզ» կոչվող հիվանդությունն է: Կլիմաքսի ավարտին կանանց մեկ երրորդի մոտ հայտնաբերված այս հիվանդության ժամանակ օրգանիզմից հեռացող կալցիումի քանակը գերազանցում է մուտք գործողի քանակին: Օստեոպորոզը սկզբնական րջանում դրսևորվում է մեջքի, գոտկատեղի, կրծքավանդակի ցավերով: Ոսկրերը դառնում են փխրուն, որի հետևանքով հաճախ կոտրվում են:
Առաջանում է բնորոշ կուզիկություն: Այս շրջանում անհրաժեշտ է օրական օգտագործել 1500մգ-ից ոչ պակաս կալցիում: Հրաշագործ այս տարրի պակասը երեխաների մոտ կարող է առաջ բերել «ռախիտ» հիվանդություն և մտավոր թերզարգացածություն: Մարդու օրգանիզմի՝ կալցումի հիմնական մատակարարներն են կաթնամթերքը և ձուկը: Ցավոք, սննդի հետ մեր օրգանիզմ մտնող կալցիումի միայն մեկ երրորդ մասն է մնում այնտեղ, մնացածը հեռանում է բնական ճանապարհով, և հաճախ հարկ է լինում պակասը լրացնել կալցիումի տարբեր պատրաստուկներով: Օրգանիզմի կողմից ամենալավ յուրացվող կալցիում պարունակող միացությունը կալցիումի կարբոնատն է (ձվի կճեպ, կավիճ): Կալցիումի յուրացմանը նպաստում է D վիտամինը: Այժմ դեղագործներն առաջարկում են նոր սերնդի արդյունավետ պատրաստուկ՝ Կալցիում D-3:
Բժշկության մեջ կալցիումի պատրաստուկները կիրառվում են ալերգիկ, ճառագայթային, մաշկային, «փայտացում», «ռախիտ» հիվանդությունների ժամանակ: Իհարկե, այս արժեքավոր շինանյութի պաշարներն օրգանիզմում պետք է լրացնել ոչ թե այն ժամանակ, երբ հիվանդությունը պատին է սեղմում, այլ ամեն օր: Կալցիումի ամենօրյա պահանջը 4-6 տարեկան երեխաների համար 800մգ է, 7-10 տարեկանների համար՝ 1000մգ, 14-17 տարեկանների համար՝ 1200-1400մգ, հղի և կերակրող կանանց համար՝ 1500մգ:
Կնոջ օրգանիզմին անհրաժեշտ մյուս կարևոր տարրը մագնեզիումն է: Դրա պակասի դեպքում կարող են ծնվել փոքր կշռով և օրապակաս երեխաներ: Մագնեզիումը պատասխանատու է էներգիայի, սպիտակուցային, ածխաջրային և ճարպային փոխանակության համար: Այն ապահովում է ոսկրերի ամրությունն ու ճկունությունը, օգնում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը:
Նյութը պատրաստեց Ռ. Խեդոյանը