Ում նախաձեռնությունն էր Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցը և ինչ ազդակներ այն ուներ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ ավարտվեց երեկ Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին նրա մասնակցությամբ: Հետաքրքրականն այն է, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, ինչով էլ Սարգսյանի այցն ԱՄՆ ներկայացուցչական բնույթ ստացավ: Այնինչ նախանշված էր, որպես աշխատանքային և ոչ այնքան ներկայացուցչական այց: Շրջանառվող տեսակետների համաձայն` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այցին նման բնույթ տրվեց՝ Մոսկվային որոշակի ազդակներ փոխանցելու նպատակով:
168.am-ի հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ` ինչի վրա է հիմնվում այն ենթադրությունը, որ այցն անպայման ԱՄՆ-ի նախաձեռնությունն է, կամ եթե այդպես է, ապա հետին մտքեր ունի: Նա նշեց, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը բարեկամ երկրներ են և հասկանալի է, որ 100-ամյակին անգամ Ցեղասպանության չճանաչումն ինչ-որ բանով պետք է ինչ-որ մի կերպ մեղմվեր:
«Չգիտեմ նաև, թե ինչ հիմքով էին պնդումներ արվում, թե Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների չի հանդիպելու: Թեև, հանուն արդարության, հանդիպում` դասական առումով, այդպես էլ տեղի չի ունեցել: Մասնակցությունը միջոցառումներին հանդիպում չէ պաշտոնական արարողակարգում: Ինչ վերաբերում է փոխնախագահ Բայդենին, ապա փոխնախագահն ԱՄՆ-ում մեծապես արարողակարգային դեմք է, և արարողակարգի առումով սա կարևոր ներկայություն էր: Բացի այդ` փոխնախագահ Բայդենը հայ ժողովրդի բարեկամներից է և սկզբունքային գործիչ, որը չէր կարող անտեսել ցեղասպանության կոնտեքստը:
Ինչ վերաբերում է Փաուերին, ապա ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների բավական հայտնի մասնագետ է և նույնպես հայության բարեկամ, և նրա բացակայությունը Ազգային Տաճարից` նկատելի կլիներ»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: