Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների գարնանային փուլը Լոնդոնում եզրափակվեց մեծ համերգով

Կիրակի օրը երեկոյան Լոնդոնի ամենահայտնի սրահներից մեկը՝ Ռոյալ ֆոեստիվալ հոլը, հյուրընկալել էր «Երաժշտություն նվիրված Հայաստանին» խորագրով համերգը:

Այս կարևոր միջոցառմանն ընդառաջ, թե՛ համերգի մասին՝ մասնավորապես, և թե՛ Հայոց ցեղասպանության մաին՝ ընդհանրապես, հանրային իրազեկման նպատակով լայնամասշտաբ գովազդային արշավ էր նախաձեռնվել։ Երաժշտասերների մոտ մեծ ճանաչում վայելող ու սիրված Classic FM ռադիոն և Լոնդոնի մետրոպոլիտենի ավելի քան 30 կայարաններում տեղադրված հայտագրերը երկու շաբաթվա ընթացքում ծանուցում էին համերգի մասին: Գովազդային վահանակի համար օգտգործվել էր Սարյանի «Հայաստան» պանոն և Հայոց ցեղասպանության հիշատակի խորհրդանիշ «անմոռուկը»։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիված համերգի մասին մայիսի 2-ին մի ամբողջ գովազդային էջ էր տպագրել աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Էկոնոմիստը», ինչպես նաև բրիտանական «Դեյլի Թելեգրաֆը»։

Armen Sargsyan (5)

Armen Sargsyan (6)

Կարդացեք նաև

Armen Sargsyan (1)

Համերգի և գովազդային արշավի հովանավորն էր դեսպան Արմեն Սարգսյանը։

«Երաժշտություն նվիրված Հայաստանին» համերգին մասնակցում էին հանրահայտ «Ֆիլհարմոնիա» նվագախումբն ու «Ֆիլհարմոնիա ձայներ» երգչախումբը ՝ դիրիժոր Վասիլի Սինայսկու ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ էին հրավիրվել հայ տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնի մեներգչուհի Անուշ Հովհաննիսյանը։

Թագավորական համերգասրահը բազմամարդ էր. ներկա էին պետական պաշտոնյաներ, Լորդերի պալատի անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր։ Համերգին ներկա էր ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լևոն Մարտիրոսյանը։

Armen Sargsyan (3)

Armen Sargsyan (2)

Armen Sargsyan (4)

Նախքան համերգային ծրագրի մեկնարկը՝ Արմեն Սարգսյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված այս միջոցառմանը մասնակցելու համար։ Այնուհետև մեկ րոպե լռությամբ ու աղոթքով բոլորը հարգեցին նահատակների հիշատակը։

Երաժշտական ծրագիրը երկու մասից էր և ներառում էր Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Գորեցկու և Արամ Խաչատուրյանի ստեղծագործություններից։

Համերգի առաջին մասը նվիրված էր Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը։ Հնչեցին հատվածներ Մոցարտի «Ռեքվիեմից», Գորեցկու «Ողբերգական երգերի սիմֆոնիայից», ինչպես նաև Եկմալյանի «Պատարագից»։ Ֆիլհարմոնիա ձայներ երգչախումբը հայերենով կատարեց Տերունական աղոթքն ու Սուրբ-սուրբը։ Այն եզրափակվեց Սերգեյ Խաչատրյանի և նվագախմբի կողմից Կոմիտասի «Կռունկի» կատարմամբ։

Կյանքի հաղթանակը, հայ ժողովրդի վերապրումն ու Հայաստանի վերածնունդը խորհրդանշելու համար՝ համերգի երկրորդ մասում հնչեց Արամ Խաչատուրյանի հանրահայտ ջութակի կոնցերտը, որը փայլուն վիրտուոզությամբ ու հուզականությամբ կատարեց Սերգեյ Խաչատրյանը։ Այնուհետև «Ֆիլհարմոնիա» նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Սպարտակ բալետից։ Երեկոն ավարտվեց Սուսերով պարի հաղթական ու ոգևորիչ հնչյունների ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս