Մի քանի փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին
Հենրիխ Մխիթարյանի անունը Հայաստանում ծանոթ է գրեթե բոլորին: Հայազգի կիսապաշտպանի շնորհիվ շատերը սկսեցին հետաքրքրվել հայկական ֆուտբոլով և հենց Հայաստանում փնտրել ֆուտբոլային տաղանդներ:
Մեր ֆուտբոլիստին ավելի լավ ճանաչելու համար առաջարկում ենք ծանոթանալ Հենրիխ Մխիթարյանի մասին մի քանի հետաքրքիր փաստերի:
Ակումբից ակումբ տեղափոխվելիս ֆուտբոլիստներն անընդհատ բախվում են նոր մշակույթների և լեզուների առնչվելու խնդրին: Կարելի է ասել, որ Հենրիխը լուծել է այս խնդիրը. մեր ֆուտբոլիստը տիրապետում է մի քանի լեզուների: Մանկության տարիներին Մխիթարյանը ֆուտբոլային դասընթացներ է անցել բրազիլական «Սան-Պաուլու» ակումբում:
Բրազիլիայում Մխիթարյանը սովորեց պորտուգալերեն, Ֆրանսիայում ապրելու տարիներին՝ ֆրանսերեն: Ընդհանուր առմամբ 6 լեզու` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պորտուգալերեն: Այժմ Հենրիխը սովորում է գերմաներեն:
Տարածված է այն կարծիքը, թե ֆուտբոլիստները հեռու են ընթերցանությունից: Հենրիխն իր օրինակով ցույց է տալիս, որ այս կարծիքն այնքան էլ ճշմարտացի չէ: Հենրիխը շատ է կարդում և կարդում է ոչ միայն տանը, այլև թիմի հետ ինչ-որ տեղ գնալիս: Գերմանական պարբերականները խոսել էին այն մասին, որ եթե մնացյալ ֆուտբոլիստներն ինքնաթիռում կամ ավտոբուսում երաժշտություն են լսում, ապա հայազգի կիսապաշտպանը գրեթե միշտ զբաղվում է ընթերցանությամբ:
Չնայած Հենրիխը միշտ նշում է, որ իր միակ մասնագիտությունը ֆուտբոլն է, բայց նա նաև սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի Երևանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետում:
Ամենուր Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկնում իր համեստությամբ: Հենրիխը պարբերաբար կատարում է բարեգործություն, բայց շատ քիչ է խոսում դրա մասին: Նա բարեգործությունը համարում է իր պարտքը և չի ուզում, որ մարդիկ շատ խոսեն դրա մասին:
Եվ վերջում՝ մի ճակատագրական փաստ Հենրիխի մասին: 11 տարեկանում Հենրիխի մարզիչը գումար է հավաքում, որպեսզի մարզաշապիկներ գնի Մխիթարյանի և իր թիմակիցների համար: Մարզիչը դժվարությամբ կարողացել էր ձեռք բերել տարբեր թիմերի մարզահագուստներ: Բախտի բերմամբ Հենրիխին բաժին էր հասել Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկը:
Սիրարփի Աղաբաբյան