Ժիրայր Սէֆիլյանը` իշխանություններին. «Թող մտածեն իրենց ապագայի մասին»
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանն այսօր ազատ արձակվեցին: Դատախազի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո Ժիրայր Սէֆիլյանն ասաց. «Մեր կողմից ուղուց շեղում չի լինելու: Իրենք թող մտածեն իրենց ապագայի մասին»: Լրագրողի հարցին՝ արդյոք սպասելի՞ է, որ նորից ձերբակալություններ կլինեն, քանի որ նշում են, որ շարունակելու են գործընթացը, ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց. «Ռեպրեսիաներ անընդհատ, այնքան ժամանակ մինչև այս ռեժիմը գոյություն ունի՝ սպասելի են: Բայց նրանց կյանքը տևական չի լինելու: Նրանք, ըստ էության, հակասահմանադրական գործունեության մեջ ամեն օր են բռնաբարում Սահմանադրությունը, իսկ մենք ենք, որ ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք շեղվելու օրենքի շրջանակներից: Շատ լավ գիտակցելով այս ամբողջը՝ միաժամանակ ասել ենք, որ նրանք անհիմն որևէ ժամանակ որևէ մեկին կարող են ձերբակալել, ինչպես տեղի ունեցավ: Այս ռեժիմը չունի Հյուսիսային Կորեայի ռեժիմը, որ ներփակվի աշխարհից և ճնշի ժողովրդին: Այդ ռեսուրսը չունի: Այս ռեպրեսիաները, որ անում են, իրենց թուլությունից է: Ես վստահ եմ, որ շատ երկար կյանք չի մնացել դրանց»:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ, պատասխանելով հարցին, արդյոք սպասելի՞ էր նման որոշման կայացումը, պատասխանեց. «Ամեն ինչ սպասելի էր: Հասկանալով, որ ռեժիմը մեծ ռեսուրս չունի, պետք է ակնկալել, որ նա ինչ-որ պահի տեղի էր տալու»: Իրենց առաջարված մեղադրանքը նա անհեթեթ և շինծու անվանեց: