Ստամբուլում բախումներ են գրանցվել ոստիկանների ու ցուցարարների միջև. կա 136 ձերբակալված
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Ստամբուլի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ է կիրառել Աշխատանքի ու համերաշխության օրվա կապակցությամբ փողոցներ դուրս եկած մարդկանց նկատմամբ:
Նախապես փակվել են դեպի Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակ տանող բոլոր ճանապարհները, ինչը սահմանափակել է նաև հասարակական տրանսպորտի շարժը: Բացի այդ, մետաղե արգելապատնեշներ են կանգնեցվել Գեզի այգու մոտ: Մոբիլիզացվել է մոտ 20.000 ոստիկան:
Մոտ 2000 մարդ հավաքվել է Բեշիքթաշ թաղամասում և փորձել է հասնել «Թաքսիմ» հրապարակ, սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նրանց նկատմամբ: Ի պատասխան` ցուցարարները դյուրավառ նյութերով շշեր են նետել ոստիկանների վրա:
Ստամբուլի ոստիկանապետ Սելամի Ալթընոքը հայտարարել է, որ ներկա դրությամբ ձերբակալվել է 136 մարդ: Չնայած նրան, որ 1978 թվականից Ստամբուլում արգելվել են մայիսմեկյան ցույցերը` այնուամենայնիվ ամեն տարի դրանք անցկացվում են և ոստիկանության հետ տեղի են ունենում բախումներ:
1977 թվականի մայիսի 1-ի ակցիայի ժամանակ «Թաքսիմ» հրապարակում հավաքվել էր մոտ 500.000 մարդ, որոնց վրա մոտակա բարձրահարկ շենքերից կրակ էին բացել անհայտ անձինք: Այն ժամանակ զոհվել է 36 մարդ: