Բաժիններ՝

«Այս տեմպերով բարեփոխումը չարեփոխում եք դարձնում». Գագիկ Ջհանգիրյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ Դատական բարեփոխումների ծրագիրն և միջոցառումների ծրագիրը 3 տարի առաջ է հաստատվել նախագահի կողմից, բայց իրականացվել է հարցերի 1/3-ից պակասը, իսկ բովանդակային առումով դիտարկելիս՝ իրականացվել են այնպիսի նախաձեռնություններ, որ ամրացրել են դատական բուրգը, կախյալ վիճակի մեջ են դրել ՀՀ ստորադաս դատարաններին ու դատավորներին: Գ.Ջհանգիրյանը մտահոգույթուն հայտնեց նաև ծրագրերի իրականացման մեթոդոլոգիայի վերաբերյալ: Ըստ նրա՝ հայեցակարգերը մշակվում են, հաստատվում կառավարությունում ու դրանց հիման վրա մշակված նախագծերն են միայն գալիս ԱԺ, ինչի արդյունքում ԱԺ-ն դուրս է մնում բովանդակային քննարկումից:

«Այս տեմպերով բարեփոխումը չարեփոխում եք դարձնում»,- ասաց պատգամավորը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կիսեց Ջհանգիրյանի մտահոգության որոշ դրվագներ. «Մեզ համար մտահոգիչ է, որ առանձին հանձնարարականներ և ծրագրի առանձին միջոցառումներ ժամկետանց են: Դրա պատճառները բազմաբնույթ են»: Նրա խոսքով՝ կառավարության գործելաոճն ուղղված է արդյունավետությունը հնարավորինս բարձրացնելուն: Նախարարը նշեց, որ նախագծերը համատեղ քննարկելու մասին առաջարկ է ներկայացվել վարչապետին, որ հայեցակարգերը ինչ-որ փուլում քննարկվեն ԱԺ գործընկերների հետ. «Դրա արդյունքում օրինագծերի քննարկումն ավելի արագ կանցնի, որովհետև օրենսդիրները նախապես ծանոթ կլինեն: Մենք էլ ենք ուզում լուծում գտնել, որ դատաիրավական բարեփոխումները ծրագրվածից արագ ընթանան»:

Գ.Ջհանգիրյանը փաստեց, որ օրինագծերի 80-90%-ի հեղինակը կառավարությունն է, բայց օրենսդիր մարմինն ԱԺ-ն է:

«Կիրառվող տեխնոլոգիայով գնալու դեպքում ոչ մի տեղ չենք գնա»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս