ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց արած լրագրողը Երևանում զրուցել է նաև Շառլ Ազնավուրի հետ
Անցյալ շաբաթ Հայաստան այցելած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների շարքում էր նաև թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելը (Cansu Çamlıbel): Նա այսօր համարվում է Թուրքիայի առաջատար քաղաքական լրագրողներից մեկը: Ջանսու Չամլիբելը Հայաստանում մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` մանրամասն լուսաբանելով բոլոր միջոցառումները և, ինչպես հայտնի է` հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:
Նա Ծիծեռնակաբերդում հանդիպել և զրուցել է նաև Շառլ Ազնավուրի և Անդրե Մանուկյանի հետ` իր երևանյան հանդիպման մանրամասները ներկայացնելով առանձին հոդվածով: Երբ Ջանսուն Ազնավուրին ասել է, որ թուրք է, հանրահայտ երգիչն ասել է, որ մենք խնդիր չունենք թուրքերի հետ, մեր խնդիրն Անկարայի հետ է: Ջանսու Չամլիբելը ծաղիկ է տեղադրել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, իսկ ինչպես 168.am-ին Երևանում հայտնել էր թուրք առաջատար լրագրողը, թուրք լրագրողների խմբում ինքը նույնպես այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ իրեն ցույց են տվել բացառիկ փաստաթղթեր: Իր հոդվածի հետ նա զետեղել է 1915-ի դեպքերը պատկերող ազդեցիկ լուսանկարներ:
Ջանսու Չամլիբելը, երկու տասնամյակից ավելի է` իբրև լրագրող տարածաշրջանային և միջազգային քաղաքական թեժ քննարկումների կիզակետում է. անցյալ տարի նա հարցազրույց է արել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հետ, հայտնի են նախորդ տարիների նրա հարցազրույցները Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, թուրքական, քրդական քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչների և տարածաշրջանային հարցերով զբաղվող միջազգային քաղաքական գործիչների հետ: Ջանսու Չամլիբելի քաղաքական թեժ հարցազրույցները, որպես կանոն, թարգմանաբար հայտնվում են միջազգային մամուլի էջերում: