Սպառողների վստահության ցուցանիշն աճել է
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2015 թվականի առաջին եռամսյակում աճել է։ Ինչպես նշում է ԿԲ-ն, աճը պայմանավորվել է ընթացիկ պայմանների ցուցանիշի նախորդ եռամսյակի նկատմամբ 1.7 տոկոսային կետ աճով:
Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ պայմանները նկարագրող բոլոր երեք ցուցանիշների գծով: Եկամուտների փաստացի փոփոխության ցուցանիշն աճել է 2.3 տոկոսային կետով, իսկ խոշոր գնումներ կատարելու փաստի և տնտեսության ընդհանուր վիճակի գնահատման ցուցանիշները՝ համապատասխանաբար 1.2 և 1.4 տոկոսային կետերով:
Ապագա պայմանների ցուցանիշը 50.6 արժեքով գտնվում է կայունության միջակայքում: Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի, ինչպես նաև ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշները նախորդ եռամսյակի նկատմամբ գրեթե չեն փոխվել:
* Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:
Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:
Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:
2015թ. առաջին եռամսյակի հարցման մեջ ընդգրկվել է 1801 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից: Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: Հարցումն իրականացվել է մարտ ամսվա ընթացքում: